Հայաստանի ջրօգտագործող ընկերությունների սեմինար Դիլիջանում
12.06.2015Հայաստանում ջրօգտագործող ընկերություների ստեղծումն ու կայացումը դիտարկվում է որպես ջրային տնտեսության ոլորտի ամենահաջող ձեռքբերումներից մեկը: ՋՕԸ-երը ձևավորվել են որպես շահույթ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը հանրային շահի պաշտպանությունն է, տվյալ դեպքում՝ ջրօգտագործողների իավունքների ու շահերի պաշտպանությունը: Այսօր Հայաստանում ոռոգման ջրի մատակարարումն իրականացվում է 2 ջրառ կազմակերպությունների և 37 ՋՕԸ-երի միջոցով:
Ջրամատակարարման ներկա վիճակի, ջրամբարների և ջրամբարաշինության հեռանկարների, ՋՕԸ-համայնք համագործակցության, ՋՕԸ-երի կառավարման կատարելագործման խնդիրներին էր նվիրված ս/թ հունիսի 11-12-ին Դիլիջանում հրավիրված Հայաստանի ջրօգտագործող ընկերությունների սեմինարը՝ ՋՏՊԿ-ի, Համաշխարհային Բանկի, ՋՊՏԿ-ի ոռոգման ԾԻԳ-ի նախաձեռնությամբ:
Սեմինարի աշխատանքային օրվա նախօրեին կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցավ սեմինարին հրավիրված բոլոր ՋՕԸ-երի տնօրենների հետ՝ ըստ մարզերի՝ առավել հստակեցնելով սեմինարի ընթացքում քննարվելիք ՋՕԸ-երի հետ կապված առկա խնդիրներն ու դժվարությունները:
Հունիսի 12-ին սեմինարը մեկնարկեց կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի ելույթով: Հարությունյանը, կարևորելով ոռոգման ջրով ջրօգտագործողների ջրային կարիքների բավարարումն ըստ պահանջարկի, անդրադարձավ Ջրառ-ՋՕԸ, ՋՕԸ - համայնք փոխհամագործակցության, ՋՕԸ-երի կողմից կանոնակարգված ջրամատակարարման, ջրամբարների, ջրանցքների, միջտնտեսային և ներտնտեսային համակարգերի անխափան ու արդյունավետ օգտագործման խնդիրներին:
Կոմիտեի նախագահն ընդգծեց, որ պետության և ջրօգտագործողների համար կարևոր և ֆինանսական առումով խնդրահարույց են մեխանիկական ջրի գնի, ծավալների ապահովման և մատակարարման հետ կապված հարցերը: Որպես ոռոգման համակարգի առաջիկա զարգացման քաղաքականություն՝ նա շեշտադրում կատարեց հատկապես ջրամբարաշինության ուղղությամբ մոտ ապագայում իրականացվելիք գործողությունների վրա, որոնց կյանքի կոչելը հնարավորություն կտա առաջիկայում մեխանիկական (պոմպակայանների միջոցով իրականացվող) ջրամատակարարումից աստիճանաբար անցում կատարելու ինքնահոս ջրամատակարարման:
ՀԲ-ի ոռոգման ծրագրերի պատասխանատու Յու Վինսթոնը իր խոսքում կարևորեց ՋՕԸ-երի ստեղծման և դրանց կառավարման ու ֆինասական խնդիրների կարգավորման ուղղությամբ ՋՏՊԿ-ՀԲ համատեղ ջանքերն ու ներդրումները՝ գնահատելով Հայաստանի ՋՕԸ-երի համակարգը՝ որպես տարածաշրջանի կայացած ու լավագույն օրինակ:
Ոռոգման համակարգի արդի վիճակը ներկայացրեց ՋՏՊԿ-ի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը: Սեմինարի մյուս բանախոսը՝ ՀՀ նախագահին կից Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յու. Ջավադյանը անդրադարձավ Սևանա լճի հիմնախնդիրներին, Սևանի բեռը թեթևացնելու և մեխանիկական ջրամատակարարումից աստիճանաբար հրաժարվելու նպատակով ջրամբարաշինության ուղղությամբ աշխատանքներն արագացնելու հարցերին:
Սեմինարի երկրորդ կեսը նվիրված էր քննարկումներին, առկա խնդիրների արծարծմանն ու առաջարկությունների կատարմանը: Մասնակիցների կազմը՝ ՋՏՊԿ, ՀԲ, Ոռոգման ԾԻԳ, Ջրառ, ՋՕԸ, ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների և համայնքների ներկայացուցիչներ, ամենակարևորը՝ ջրօգտագործողներ, լիարժեք հնարավորություն տվեց բարձրաձայնելու բոլոր շահագրգիռ կողմերին մտահոգող հարցերն ու խնդիրները, փոխանակել որոշակի փորձառություն, խմբավորել խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման եղանակներ ու միջոցներ: Հանրային իրազեկումը այս պարագայում պետք է դիտարկել թե որպես կառավարման արդյունավետության բարելավման և թե որպես ջրօգտագործողությունների իրավունքների պաշտպանության խնդիր:
ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե