Հանդիպում Ասիական Զարգացման Բանկի պատվիրակության հետ
03.06.2015Ջրային տնտեսության պետական կոմիտեում շարունակվում են քննարկումները ջրային ոլորտի բարեփոխումների 2-րդ փուլի «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարություն» փաստաթղթի նախագծի քննարկումները: Ռազմավարության նախագիծը մշակվում է Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ: Այսօր, հունիսի 4-ին, ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել էր ԱԶԲ-ի բանկի տնտեսագետ Հոջ Կոպային և ֆինանսական փորձագետ Քլին Վրայթին:
Հանդիպման հիմնական նյութը ՀՀ կառավարության կողմից ջրային ոլորտի 2-րդ սերնդի բարեփոխումների իրականացմանն ուղղված գործողություններն էին, ինչպես նաև դրանց իրականացման վերջնաժամկետների ճշգրտումը:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ ՀՀ կառավարությունն ընդունել և անհետաձգելի ընթացակարգով ԱԺ է ներկայացրել ՀՀ ջրային օրենսգրքի, մի շարք այլ օրենքներում կատարվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որոնցով օրենսդրորեն կարգավորվելու են մեկ օպերատորով ջրամատակարարում իրականացնելու գործընթացները:
Պարոն Հարությունյանը կարևորեց նաև ռազմավարության նախագծի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկումները՝ նշելով, որ նախատեսվում են ևս 1-2 աշխատանքային հանդիպումներ փորձագիտական խմբի հետ՝ կատարված առաջարկությունների, քննարկումների արդյունքում այն լրամշակելու և Կոմիտե ներկայացնելու համար: Կոմիտեն, սահմանված կարգով, այն կառավարության քննարկմանը և հաստատմանը կներկայացնի հուլիսի սկզբներին: Ակնկալվում է կառավարության կողմից ռազմավարության հաստատում մինչև հուլիսի 15-ը:
Ռազմավարության հաստատմանը զուգահեռ <<Պետական և մասնավոր գործընկերության>> շրջանակներում կիրականացվեն ջրամատակարարման ու ջրահեռացման արդի վիճակի և դրա արդիականացման, ջրային համակարգի օգտագործման թույլտվության, պետական և մասնավոր գործընկերության գնման ռազմավարության և գնման իրականացման, գործընթացների իրավական ամրագրման մշակումներ և փաստաթղթերի վավերացումներ:
Բանկի ներկայացուցիչները, բարձր գնահատելով ջրային ոլորտի ձեռքբերումները, կարևորելով ներկայումս ցուցաբերվող մեծ հետևողականությունն ու շահագրգռվածությունը, նշեցին, որ ԱԶԲ-ը պատրաստակամորեն կընդունի հայկական կողմի նոր առաջարկները ևս, որոնք երկրում առավել ևս կբարելավեն ջրամատակարարման և ջրահեռացման որակական ու քանակական ցուցանիշները:
ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե
« վերադառնալ ցանկ