Հունիսի 2-ին կայացավ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված <<Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարություն>> թեմայով աշխատաժողովը
01.06.2015Վերջին 10-13 տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և ֆինանսական ներդրումների շնորհիվ ջրային տնտեսության ոլորտում գրանցվել են նշանակալի արդյունքներ, որոնք կարևորվում են նաև միջազգային կառույցների կողմից: Ջրամատակարարման ենթակառուցվածքների կատարելագործումը, համակարգի կառավարման արդիականացումը տվել են իրենց դրական արդյունքները: Գործընթացը, սակայն, շարունակական զարգացման մեջ է: Ներկա փուլում Հայաստանի կառավարության համար հրատապ խնդիր է ջրային ոլորտի երկրորդ սերնդի բարեփոխումների ռազմավարության ընդունումը:
Այդ խնդրին էր նվիրված հունիսի 2-ին կայացած ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարություն» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ռազմավարության նախագծի հիմնական դրույթները, ծավալել մասնագիտական քննարկում, հանրայնացնել այն:
Ռազմավարության նախագիծը հիմնված է վերջերս իրականացված մի շարք ուսումնասիրությունների վրա՝ ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող և նրանց սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքներում ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և ջրահեռացման համակարգերի վերաբերյալ ուսումնասիրություններ, հաշվետվություններ սակագնային քաղաքականության և չհաշվառվող ջրի վերաբերյալ և այլն: Այս ուսումնասիրությունների, ինչպես նաև ներկայացված նախագծի նպատակն էր ջրային ոլորտի ներկա վիճակի գնահատման արդյունքում աջակցել ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի բարեփոխման երկրորդ փուլի նախապատրաստման և իրականացման հարցում, որը թույլ կտա որդեգրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի կառավարման լավագույն մոդելներ:
Բարեփոխումների 2-րդ փուլի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել է երկու ծրագրային որոշումներ, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:
Նախագծի քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության և շահագրգիռ նախարարությունների, միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրամատակարարում իրականացնող ընկերությունների, KfW բանկի, ԱԶԲ-ի, ՀԲ-ի, ԵՆԲ-ի, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության ջրի կառավարման նկարագիրն ու հիմնական մարտահրավերները, օրենսդրական, ինստիտուցիոնալ և կարգավորման շրջանակի գնահատումը, ջրային ոլորտում մասնավոր հատվածի մասնակցության մարտահրավերները, կատարված ֆինանսական և տնտեսական վերլուծությունները, պետական-մասնավոր համագործակցության առանձնահատկությունները, պայմանագրային ձևերի, ջրի սակագնի տարբերակները:
Շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների և լրացումների հիման վրա ջրային տնտեսության պետական կոմիտեն կամփոփի փաստաթուղթը և վերջնական տարբերակը կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
« վերադառնալ ցանկ