2015թ. հունվարի 1-ից կսկսվի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը
18.12.201450%-ով կփոխհատուցվեն 32 համայնքների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձավճարները, նաև` հողի հարկն ու գույքահարկը:
ՀՀ կառավարությունը այսօրվա` դեկտեմեբրի 18-ի նիստին հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, այն է` Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Վահան, ք. Ճամբարակ, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր:
Գործադիրը նաև հաստատել է նշված համայնքներին տրամադրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Ըստ այդմ` սահմանվում են համայնքների բնակիչ-բաժանորդների սպառած բնական գազի փոխհատուցման դրույթները, որոնց համաձայն` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից մատակարարվող բնական գազի` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում` մինչև 360 խմ մատակարարված բնական գազի սպառման մասով, ընդ որում` օրացուցային տարվա ընթացքում մինչև 360 խմ բնական գազի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված բնական գազի քանակության համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վճարումները գանձում է սակագնից 50%-ի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված գնով: Ընդ որում` գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Հաստատված կարգով սահմանվում են նաև նշված համայնքների բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի փոխհատուցման դրույթները, որոնց համաձայն` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում գումարային մինչև 1440 կՎտ մատակարարված էլեկտրաէներգիայի սպառման մասով, ընդ որում` օրացուցային տարվա ընթացքում ինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված էլեկտրաէներգիայի քանակության համար «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վճարումները գանձում է սակագնից 50%-ի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված գնով: Ընդ որում` գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Կարգավորվում է նաև նշված համայնքներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժանորդ չհանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժանորդների համար փոխհատուցման տրամադրման խնդիրը, այն է` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խմ, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:
Միաժամանակ` նշված սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50%-ը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:
Նաև` սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից ՀՀ կառավարությունը նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե է վճարում պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից:
Կառավարության այս որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից և դրա գործողությունը տարածվում է 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Սկզբնաղբյուրը http://www.gov.am/ կայքից
« վերադառնալ ցանկ