Մինչև 2026 թվականը կմեկնարկեն 15 փոքր և միջին ջրամբարների շինարարական աշխատանքները
20.11.2023Ջրամբարաշինությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխություններով պայմանավորված ջրային ռեսուրսների տարեցտարի նվազող ծավալները: Ջրամբարների կառուցման և շահագործման արդյունքում հնարավոր կլինի կուտակել հանրապետությունում ձևավորովող լրացուցիչ ջրային ռեսուրսներ և բարձրացնել կառավարման և օգտագործման արդյունավետությունը։
Նիստն այս անգամ արտագնա էր՝ ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և Հիդրոտեխնիկայի ինստիտուտում։ Աշխատանքային խմբի քննարկմանը միացել էր Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը՝ Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ։ Նիստը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։Ջրամբարաշինության նախագծային ընկերությունները երկուսն են, որոնցից «Մոդուլ» ՍՊ ընկերությունը իրականացնում է Քասախի, Ելփինի, Լիճքի, Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նախագծումը, իսկ «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ» կոնսորցիումը՝ Արթիկի ջրամբարի վերակառուցման նախագծումը։
Նախագծային ընկերությունների մասնագետները ներկայացրեցին ջրամբարներից յուրաքանչյուրի մասով նախագծման առաջընթացը, առկա տեխնիկական բնույթի հարցերն ու խնդիրները, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց լուծման հետագա քայլերի և կողմերից յուրաքանչյուրի անելիքների վերաբերյալ։
Ի՞նչ խնդիրներ են լուծելու այս ջրամբարները․
*լրացուցիչ հնարավորություն են ընձեռելու բարձրացնել հանրապետությունում ձևավորվող մակերևութային ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը,
*բարելավելու են ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը,
*գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավելու են նոր հողատարածքներ,
*նվազեցնելու են Սևանա լճից ջրառի ծավալները,
*կրճատելու են էլեկտրաէներգիայի ծախսը,
*ավելացնելու են գյուղատնտեսական արտադրության տնտեսական արդյունավետությունը։
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորեց աշխատանքային խմբի և տեխնիկական հանձնաժողովի հետ նման ձևաչափով աշխատանքը` հաշվի առնելով հանգամանքը, որ դրանց կազմում են ոլորտային առաջատար մասնագետներ, իսկ վերջիններիս դիտարկումներն ու առաջարկները խիստ օգտակար կարող են լինել ջրամբարաշինության այս և հետագա փուլերում։
Նիստի ավարտին աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը, ամփոփելով քննարկման արդյունքներ, նախանշեց հետագա անելիքները, որոնց շուրջ ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ։
« վերադառնալ ցանկ