Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ
18.09.2022ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանըջրային ոլորտինառնչվող հարցերի քննարկման նպատակով սեպտեմբերի 16-ին ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահն արդյունավետ է գնահատել մինչ օրս երկկողմհամագործակցությունը, անդրադարձ է կատարել «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի/ Եղվարդի ջրամբարի» ծրագրին՝ կարևորելով Ջրային կոմիտեի և Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը։
Հյուրերին ներկայացնելով ջրամբարաշինության ընթացիկ ծրագրերի մասին՝ Կոմիտեի նախագահը հատկապես շեշտել է, որ այս տարի ավարտին է մոտենում Վեդիի ջրամբարի և սկսվում՝ Կապսի ջրամբարի շինարարությունը, իսկ 6 ջրամբարների մասով մեկնարկել է նախագծման մրցութային գործընթացը։
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Եղվարդի ջրամբարին, որի շրջանակներում Կոմիտեի նախագահը հյուրերին է ներկայացրել այդ ուղղությամբ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընթացող քննարկումների արդյունքները։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Սոնա Հայրապետյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը:
Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության պատվիրակության կազմում էին (JICA)-ի Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Տանաբե Հայդեկին, Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին և JICA֊ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը։