Շրջայց «Էջմիածին» ՋՕԸ-ի տեղամասերում
14.04.2022
Այցի շրջանակում Կոմիտեի նախագահն անցկացրել է խորհրդակցություն «Էջմիածին» ՋՕ ընկերությունում։
Տեղում քննարկվել են ոռոգման ջրի պատշաճ մատակարարման, արդար բաշխման, նորմատիվների, ինչպես նաև վարձավճարների գանձման խնդիրներն ու համակարգում իրականացվող աշխատանքները։
Վահագն Գևորգյանն ուշադրություն է հրավիրել ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման խնդրին և այդ նպատակով ՋՕԸ ղեկավարին հանձնարարվել է ուշադիր լինել տեղամասերում աշխատող ջրբաշխների մատյանների նկատմամբ։
Այս անգամ ևս անդրադարձ է կատարվել գարնանային վարարումներին նախապատրաստվելու ու հնարավոր հեղեղումների վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված միջոցառումների ձեռնարկմանը։
«Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրեն Բագրատ Հովհաննիսյանի և ՋՕԸ-ի անձնակազմի հետ միասին այցելել և ուսումնասիրել են Վաղարշապատ համայնքում գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացվող ներտնտեսային ցանցերի վերանորոգման աշխատանքները։
Այցի հաջորդ կանգառը Մեծամորի պոմպակայանն էր, որն իր ներուժից նվազ հզորությամբ է աշխատում Սևջուր գետի ցամաքելու պատճառով:
Կոմիտեի նախագահն առաջիկա ամսվա ընթացքում աշխատանքային օրերը հիմնականում կտրամադրի մարզային այցերին՝ առկա խնդիրները տեղերում լիարժեք գույքագրելու, իրականացվող ծրագրերին ծանոթանալու և անելիքները հստակեցնելու նպատակով:

