Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում
03.04.2022
Այցի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին:
Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ պաշտոնյաներն այցելել են Մրգաշատ համայնք՝ տեղում ծանոթանալու Արմավիրի մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
Ծրագրի շրջանակներում կատարվում են միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ, այն իր մեջ ներառում է 40 համայնք և 42 օբյեկտ։
Ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։
Այցի ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2022 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:
Այցին մասնակցում էին նաև Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Վահագն Արշակյանը, Արմավիրի մարզպետարանի և ոլորտային կառույցների այլ պատասխանատու պաշտոնյաներ:


