Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում պետական-մասնավոր գործընկերության փորձի վերաբերյալ
12.11.2014Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի ոլորտում պետական-մասնավոր գործընկերությունը սկսվել է 2000 թվականից: Ներկայումս հանրապետության բոլոր ջրամատակարար ընկերությունները շահագործվում կամ առավարվում են ջրային ոլորտի կառավարման մեծ փորձառություն ունեցող միջազգային օպերատորների կողմից: Ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում բարելավվել է ջրամատակարարման և սպասարկման որակը, ավելացել է ջրամատակարարման տևողությունը, ընկերություններն առաջատար դիրքեր են գրավում լավագույն հարկատուների ցանկում, նվազեցվել են պետության կողմից տրամադրվող սուբսիդիաները:
Հայաստանի ջրային ոլորտում պետական-մասնավոր գործընկերության փորձը ԱՊՀ երկրների ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ուսումնասիրությունների արդյունքում համարվում է լավագույններից մեկը տարածաշրջանում, իսկ բարեփոխումների տեսանկյունից՝ մոդելային: Որպես պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները դիտարկում են Հայաստանի փորձը զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում կիրառելու համար: Փորձի փոխանակման նպատակով տարբեր ժամանակահատվածներում Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ Հայաստան այցելություններ են կազմակերպվել Հնդկաստանի և Վրաստանի պատվիրակությունների, Ասիական զարգացման բանկի կողմից` Պակիստանի պատվիրակության, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ Տաջիկստանի պատվիրակությունների համար: Իրենց սեփական նախաձեռնությամբ պատվիրակություններ են այցելել նաև Ուկրաինայից և Աֆղանստանից:
Հայաստանի ջրային ոլորտում պետական-մասնավոր գործընկերության հաջողված փորձը միջազգային կառույցների առաջարկությամբ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվել է տարբեր երկրներում կայացած կոնֆերանսներում և ֆորումներում: Ասիական Զարգացման Բանկը նախատեսում է նաև դիտարկել Հայաստանի ջրային ոլորտի պետական-մասնավոր գործընկերության փորձի կիրառման հնարավորությունները մի շարք երկրներում, մասնավորապես Չինաստանում, Վիետնամում և Ղազախստանում:
Նոյեմբերի 12-13-ին Ծաղկաձորում կայացավ Ասիական զարգացման և Եվրոպական ներդրումային բանկերի կողմից համատեղ կազմակերպված Ջրային ոլորտի կառավարման գործընթացի բարելավումը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին շուրջ 10 պետությունների ներկայացուցիչներ Շրի Լանկայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Արևելյան Թիմորից, Ֆիլիպիններից, Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային բանկերը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, կազմակերպիչ բանկերի ներկայացուցիչները: Աշխատաժողովի հիմնական զեկուցող, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացված բարեփոխումները, առաջիկա ծրագրերը, պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Աշխատաժողովի ընթացքում ելույթներ ունեցան նաև Հայջրմուղկոյուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, Երևան ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը ելույթ ունեցավ սակագնային քաղաքականության վերաբերյալ: Մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի Հանրապետության փորձը, շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և հույս հայտնեցին, որ հայաստանյան գործընկերներն իրենց գիտելիքներով և փորձով կօժանդակեն իրենց երկրների պետություն-մասնավոր գործընկերության զարգացման գործում:
http://armenpress.am/arm/news/784000/jrayin-resursneri-karavarman-hayastani-pordzy-kkirarvi.html
« վերադառնալ ցանկ