Կայացել է Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը
04.03.2022
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ով ողջունելով հանձնաժողովի անդամներին, հայտնել է, որ համատեղ անելիքներ շատ ունեն և պետք է կարողանան առավել արդյունավետ օգտագործել տեխնիկական հանձնաժողովի ներուժը։
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրեց նիստի օրակարգը, որի հիմնական հարցը վերաբերում էր Մխչյանի պոմպակայանի առաջին աստիճանի կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատմանը և առաջարկությունների ներկայացմանը:
Պրոֆեսոր Թոքմաջյանը նշեց, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին, Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև արդյունավետ փոխգործակցությունը:
Հուշագրով ամրագրվել է, որ Ջրային համակարգերի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովման ուղղությամբ կիրականացվեն հիդրոհանգույցների զննում, խնդիրների բացահայտում, դրանց վերացմանն ուղղված լուծումների քննարկում, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝ մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, պարբերականների և այլ նյութերի հրատարակում և փոխանակում, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, համապատասխան լաբորատորիաների, սարքավորումների, և այլ տեխնիկական միջոցների համատեղ օգտագործում, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման հետ կապված այլ հարցեր:
Պրոֆեսոր Թոքմաջյանը նշեց, որ հուշագրի շրջանակներում տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ղեկավարությամբ կատարվել են Մխչյանի պոմպակայանի մանրամասն ուսումնասիրություններ՝ անվտանգ շահագործումն իրականացնելու նպատակով։
Պրոֆեսոր Մարգարյանը մանրամասն ներկայացրեց պոմպակայանի ներկա վիճակը և առաջարկեց դրա անվտանգ շահագործման լուծումները։ Ջրային կոմիտեին փոխանցվեց նաև կատարված ուսումնասիրությունները։
Քննարկման ժամանակ իրենց կարծիքները հայտնեցին Ա. Սարուխանյանը, Պ. Բալջյանը, Ռ. Անդրեասյանը, Ա. Մարկոսյանը, Վ. Մկրտչյանը և այլոք:
Քննարկվեցին նաև Ծաղկավանի ջրամբարի հետ կապված տեխնիկական հարցեր, ինչպես նաև առաջարկվեցին ոռոգման համակարգերի կառավարմանն ուղղված նորարարական, փորձնական լուծումներ:
Ամփոփելով հանձնաժողովի նիստը ներկա գտնվողները կարևորեցին երիտասարդ մասնագետների ներգրավվածության հարցը։
Նշվեց, որ ջրային ոլորտի մասնագետների «երիտասարդացման» հարցն արդիական է և անհրաժեշտ է ինժեներական կրթության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ ոլորտի հետագա զարգացման համատեքստում։
Քննարկման ավարտին պրոֆեսոր Թոքմաջյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն Ջրային կոմիտե:
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին և նշեց, որ մոտակա ամիսներին կլինեն համատեղ այցեր` հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությանն ուղղված խնդիրների բացահայտման և դրանց անվտանգ շահագործման նպատակով:






« վերադառնալ ցանկ