Վահագն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է «Մելիորացիա» ՓԲԸ–ում
09.02.2022
«Մելիորացիա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Արտավազդ Ղազարյանը Ջրային կոմիտեի ղեկավարին է ներկայացրել 2021 թվականին կատարված աշխատանքները, 2022 թվականին նախատեսված աշխատանքային ծրագրերը, քննարկել դրանք ընդլայնելու հարցը:
Վահագն Գևորգյանը ողջունել է ընկերության ղեկավարի նախաձեռնողականությունը և արձանագրել, որ ոլորտում անելիքները շատ են:
Դեռևս նախորդ տարի, ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը, վճարները և պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N1201-Ն որոշումը, որի համաձայն նախադրյալներ է ստեղծվել ապահովելու ցամաքուրդային համակարգերից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքներին։
Այս առումով անդրադարձ եղավ նաև ՀՀ կառավարության որոշման կիրարկմանը և շեշտվեց, որ ձևավորված լրացուցիչ միջոցներն ուղղվեն մաքրման աշխատանքների ծավալների մեծացմանը, հնարավորություն ընձեռելով նախաձեռնելու ցամաքուրդային համակարգերի շահագործման և նորոգման աշխատանքները:
Ընկերության տնօրենը նշեց, որ Որոշմամբ համակարգերից օգտվելը իրականացվում է պայմանագրային հիմունքներով․ որով կանոնակարգվում են դրենաժային համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության և դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները։ Այս գործընթացը սկսվել է և 2022 թվականին շարունակվելու է Որոշմամբ սահմանված գործընթացը, հաշվառվելու են այդ սուբյեկտները, քանի որ դրանցից բաց թողնվող ջրերի պատճառով դրենաժները մի քանի անգամ ավելի շատ են աղտոտվում։
«Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի թիվ 709 որոշման համաձայն։
Ընկերությունը զբաղվում է Հայաստանի Հանրապետության ոռոգելի և չորացված հողերում գրունտային ջրերի մակարդակի սեզոնային, տարեկան և բազմամյա փոփոխությունների, նրանց հանքայնացման և քիմիական կազմի ուսումնասիրությամբ։
Հետազոտում է հողատեսքերի աղային կազմի փոփոխությունները, իրականացնում է գրունտային ջրերի որակի՝ հանքայնացման աստիճանի, քիմիական կազմի, հիմնայնության և հողատեսքերի աղային կազմի հետազոտություններ, «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը մեր հանրապետությունում կոլեկտորա-դրենաժային ցանցերի շահագործման, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարման, գրունտային ջրերի շահագործման, ոռոգելի հողերի գրունտային ջրերի մակարդակի և որակի որոշման աշխատանքների համար ստեղծված միակ լիազորված տնտեսվարող սուբյեկտն է:


