Ջրային կոմիտեում շարունակվում են ջրօգտագործողների ընկերությունների 2022 թվականի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի քննարկումները
26.01.2022Առավել մանրամասն անդրադարձ է կատարվել 2022թ․ գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացիկ խնդիրներին և հետագա անելիքներին։
Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն անդրադարձել է ընկերություններում նախկինում կուտակված դեբիտորական պարտքերին, նկատել, որ ընթացիկ պարտավորությունների թերկատարումն է հենց բերում նման իրավիճակի և հանձնարարել մշտապես հետևել հավաքագրումների մակարդակին։
Անդրադարձ է եղել նաև կուտակված մեծ պարտքերի պատճառով հարուցված դատական գործերին․ նախորդ տարիների պարտքերի համար ՋՕԸ-ները պարբերաբար դիմում են դատարան:
Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին՝ նախագահը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկողությունը, բարձրացնել ջրօգտագործողների հետ աշխատանքների թափանցիկության աստիճանը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ:
Քննարկվել են ՋՕԸ-ների կողմից շահագործվող պոմպակայանների, ջրանցքների, ջրամբարների ու պոմպակայանների ջրընդունիչ ավազանների մոտեցնող և հեռացնող ջրանցքների ընթացիկ նորոգման և մաքրման աշխատանքները, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Քննարկումների ավարտին Կոմիտեի նախագահ, ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը համակարգող գործադիր մարմնի ղեկավար Վահագն Գևորգյանը կրկին անգամ կարևորել է ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվող ֆինանսական աջակցության և դրանց օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև հանձնարարել սահմանված կարգի համաձայն ամփոփել և Ջրային կոմիտե ներկայացնել 2022 թ.-ի բյուջեների նախագծերը:


