Նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին
07.02.2020Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում:
Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիկա անելիքներին: Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ նորանշանակ ղեկավարի առջև խնդիր է դրված նոր որակ և փոփոխություններ հաղորդել կոմիտեի գործունեությանը և բարձրացնել համակարգի արդյունավետությունը, ինչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև աշխատակազմի պատասխանատու և սրտացավ աշխատանքով:
Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը՝ սպասելիքներն արդարացնելու ու սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ:
Ամփոփելով Սուրեն Պապիկյանը կոմիտեի ղեկավարին և աշխատակազմին մաղթել է բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանքային գործունեություն:
Աղբյուրը՝ ՏԿԵՆ կայք.
