ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել UNESCO-ի Միջազգային Հիդրոլոգիական Ծրագրի տնօրենի հետ
04.12.2019ԵՄ «Ջրային Նախաձեռնություն Պլյուս» ծրագրի շրջանակում Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը նոյեմբերի 25–ին հանդիպում է ունեցել UNESCO-ի Միջազգային Հիդրոլոգիական Ծրագրի տնօրեն Յուսեֆ Ֆիլալի–Մեկնասի և «Ջուր բնակավայրերին» ծրագրի մասնագետ Ալեկսանդրոս Մակարիգակիսի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄՋՆ+ «Հայաստանում գետավազանային կառավարման մասնակցային պլանավորման համար գործողությունների պլանի իրականացման նպատակով հաղորդակցության աջակցություն» ծրագրի փորձագետները։
Քննարկման հիմնական թեման քաղաքներում ջրային կառավարման ծրագրային առաջարկի մշակումն էր։ Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Սևանա լճի ջրօգտագործման վերաբերյալ, խոսել նաև լճի մերձափնյա համայնքների ջրահեռացման խնդիրների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև կեղտաջրերի մաքրման առկա կայանների վիճակին ու շահագործման խնդիրներին, լիճը աղտոտող աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությանն ու այլ մանրամասների։
Քննարկման ընթացքում UNESCO-ի թիմի կողմից առաջարկվել է փորձնական ծրագրի համար տարածքի ընտրութուն կատարել, որի համար միջազգային փորձագետների օգնությամբ կարող է մշակվել ջրային ռեսուրսների կառավարման մաթեմատիկական մոդել։
Կոմիտեի նախագահը, որպես պիլոտային տարբերակ, առաջարկել է դիտարկել Գավառ, Վարդենիս, Մարտունի քաղաքներն՝ իրենց հարակից գյուղական համայնքներով, որոնց համար կեղտաջրերի տեղափոխման և մաքրման ամբողջական գործընթացը կազմակերպելու համար չափազանց կարևոր է տեխնիկատնտեսական հիմնավորում ունենալ։
UNESCO-ի թիմը խոստացել է դիտարկել հայկական կողմի առաջարկը։ Հաջորդ տարվա մարտ ամսին նախատեսվում է UNESCO-ի հիդրոլոգիական հանձնաժողովի այցելությունը՝ Հայաստան, որի շրջանակում կնախատեսվի նաև այս հարցի մանրամասն քննարկումը Ջրային կոմիտեի մասնագետների հետ։
« վերադառնալ ցանկ