Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման հարցերը՝ երկօրյա աշխատաժողովում
08.11.2019
KfW ֆինանսավորմամբ, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի կողմից իրականացվող՝ «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում/Ախուրյան գետ–Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում ՋՌՀԿ/Ախուրյան գետ ծրագրի» առաջին փուլն ընթացքի մեջ է, ըստ որի, 2020թ․ կսկսվեն շինարարական աշխատանքները։
Նոյեմբերի 5-ին երկօրյա աշխատաժողով է մեկնարկել ՏԿԵՆ ջրային կոմիտեում՝ ծրագրին առնչվող հարցերը համակողմանի քննարկելու նպատակով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի ու Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ղեկավարներն ու աշխատակիցներ, ծրագրի դոնոր ու խորհրդատվական կազմակերպությունների՝ (KfW, Ֆիխտներ, ՓՀ, ՋՏ ԾԻԳ, ՑԵՍ) ներկայացուցիչները։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն ու ՋՏ ԾԻԳ-ի ղեկավար Վահրամ Մկրտչյանը, փաստել, որ արդյունավետ քննարկումների հնարավորություն կունենան և կկարողանան շատ հարցերի համատեղ լուծումներն ու պատասխանները գտնել։
Մասնավորապես, ծրագրի ՇՄՍԱԳ-ի շրջանակում քննարկվել են Ախուրյան գետի բնապահպանական թողքի, բնապահպանական և սոցիալական մեղմացնող/ փոխհատուցման հիմնական միջոցառումների հարցերը, անդրադարձ է կատարվել ծառերի հեռացման, վերատնկման պլանին, բնահողի վերականգնման, հնագիտական հուշարձանների պահպանության հարցերին, որոնց վերաբերյալ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի մասնագետները ներկայացրել են իրենց դիրքորոշումները։
Կապսի ջրամբարի հետ կապված՝ կարևոր հարցերից է Ջրաձորի վերաբնակեցումը, որի ապահովման համար հստակեցվում են անելիքները։ Կարևոր է, որ ծրագիրն իրականացվի համայնքի բնակիչների իրավունքների լիարժեք պահպանմամբ, ինչին ուղղված է նաև բողոքների արձագանքման մեխանիզմների ներդրումը։
Բնապահպանական հարցերի շարքում քննարկվել է նաև Արփի լճի կարգավիճակի հարցը, որը կարևոր է ծրագրի իրականացման և հետագա քայլերի համար։
Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են նաև շինարարական փուլի համար մրցութային փաստաթղթերի նախապատրաստման հարցերը։ Տեսակապի միջոցով քննարկում է ծավալվել նաև Փորձագետների հանձնաժողովի հետ։
Աշխատաժողովի երկրորդ օրվա՝ նոյեմբերի 6-ի օրակարգում Կապսի ջրամբարի ծրագրի մանրամասն նախագիծն էր, որի շրջանակում մասնագետներն անդրադարձել են հողային պատվարի, պատվարների անվտանգության, օժանդակ աշխատանքների իրականացմանը, դյուկերի, էլեկտրահաղորդման գծի կառուցման և ՍԿԱԴԱ համակարգի ներդրման հարցերին։
Լրացուցիչ հստակեցումներ են կատարվել ծրագրի փուլերի ժամանակացույցերում։ Աշխատանքային օրվա ավարտին մասնակիցներն ամփոփել են քննարկումների թեմաները, հստակեցրել հետագա անելիքները՝ մի շարք ուղղություններով։
« վերադառնալ ցանկ