Ջրային ռեսուրսներն առանց աղբի․նշվել է Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը
24.09.2019Սեպտեմբերի 20-ին Փոքր Վեդիում նշվել է Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը, միաժամանակ և՝ Մաքրության համաշխարհային օրը, որին մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Միջոցառումն անցկացվել է «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» իրազեկման արշավի շրջանակում, նախաձեռնության նպատակը ոռոգման ջուրը կենցաղային աղբից մաքրելն էր։
Քաղաքացի գիտնականները «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում ստեղծել են «թակարդ»` աղբի համար և այն գործարկել Փոքր Վեդիում։
«Նորարար մոտեցումների համար միշտ չէ, որ բարձր տեխնոլոգիական կիրառում է անհրաժեշտ։ Համայնքի ակտիվ մասնակցությունը կարող է օգնել ամենօրյա խնդիրների պարզ լուծումներ գտնելուն՝ նպաստելով պատասխանատու կազմակերպությունների և համայնքի բնակիչների միջև առավել սերտ համագործակցությանը»,-նշել է ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը։
«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որ հարուստ է ստորգետնյա ջրային պաշարով։ Այն երկրի համար ունի ռազմավարական ու տնտեսական մեծ նշանակություն։ Միևնույն ժամանակ կան մեծ ռիսկեր և խնդիրներ՝ կապված պաշարների ոչ արդյունավետ օգտագործման հետ։ Մենք լիահույս ենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահառուների հետ կկանխի ստորգետնյա ջրի ռազմավարական պաշարների հետագա նվազեցումը և մոտ ապագայում կնպաստի դրանց վերականգնմանը», - նշել է Լայլա Ջ․Էնդրյուս Բաշանը՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրենը։
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ողջունել է նախաձեռնությունը, փաստել, որ նման քայլերն անպայման դրական ազդակ են հանդիսանում և նպաստում կենսական կարևորության բնական պաշարի՝ ջրի նկատմամբ հոգատար ու խնայող վերաբերմունքի ամրապնդմանը։
Միջոցառմանը նախորդող օրերին ոչ միայն Փոքր Վեդիում, այլև ծրագրի գործընկեր 9 համայնքներում բնակիչները մաքրել էին իրենց բնակավայրի ջրային տարածքները։ Նրանք հյուրերին ներկայացրել են հանրօգուտ աշխատանքի արդյունքները՝ «առաջ և հետո» լուսանկարներով։
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել սպառողական վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:
« վերադառնալ ցանկ