Ոռոգման ջուր՝ միայն պայմանագրով
06.08.2019Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակիչներից մեկն օրեր առաջ դիմել էր Ջրային կոմիտեին՝ ոռոգման ջրօգտագործման պայմանագիր կնքելու հնարավորությունը քննարկելու ցանկությամբ։ Ըստ «Կոտայք» ՋՕԸ տվյալների, քաղաքացին շուրջ 4 հեկտարի վրա ազնվամորի է մշակում, սակայն վերջին անգամ պայմանագիր է կնքել 2012 թվականին, այն դեպքում, երբ հենց այդ տարվանից է սկսել ընդլայնել գործունեությունը, շուրջ մեկ հեկտարից հասնելով այսօրվա ծավալներին։
Ընկերության աշխատակիցները պատմում են, որ տարիներ շարունակ փորձել են պայմանագրային դաշտ բերել քաղաքացուն, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել։ Իսկ ազնվամորու այգիները ոռոգվել են տարածքով անցնող ջրատարից՝ ապօրինի ճանապարհով, ընդ որում ջրատարի պատնեշը վնասելու կամ քարերով ջրի ճանապարհը փակելու եղանակով։
Քաղաքացու դիմումին արձագանքել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, հրավիրել հանդիպման։
Այսօր` օգոստոսի 7-ին, կայացած հանդիպմանը մասնակցել են նաև «Կոտայք» ՋՕԸ պատասխանատուները, Ջրային կոմիտեի իրավաբանական ու ֆինանսատնտեսական վարչությունների ղեկավարները։
Քաղաքացին վստահեցրել է, որ նախկինում իրեն չեն բավարարել տիպային պայմանագրի որոշ կետեր, սակայն դժվարացել նշել, թե հատկապես որոնք են մերժելի իր կողմից։ Խոստացել է դրանք հստակեցնել և ներկայացնել ընկերությանը, միաժամանակ պնդելով, թե պատրաստ է իրեն բավարարող պայմանագիր կնքել։ Ըստ իր պարզաբանման, նախկինում էլ առանց պայմանագրի, վճարումներ կատարել են, ինչի ապացույց անդորրագրերը ևս խոստացել է ներկայացնել։ Իսկ ապօրինի ջրօգտագործման ու ջրագիծը վնասելու պատճառն էլ, ըստ քաղաքացու բացատրության, եղել է այն, որ իր մշակաբույսի առանձնահատկությունից ելնելով, աշնանը միշտ ջրի կարիք են ունենում, սակայն ՋՕԸ-ն չի կարողանում ապահովել։ Ընկերությունից պարզաբանել են, որ ոռոգման շրջանից դուրս ջուր չեն կարող մատակարարել։
Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը պարզաբանել է, որ ապօրինի ջրօգտագործման համար որևէ արդարացում չի կարող լինել և առաջարկել է քաղաքացուն՝ անցնել իրավապայմանագրային հարաբերությունների դաշտ, հակառակ պարագայում, նախկինի պես ապօրինի ջուր չեն կարողանա օգտագործել։
Քաղաքացուն ներկայացվել են նաև պայմանագրի կողմերի՝ ջրօգտագործողների և ընկերության իրավունքներն ու պարտականությունները, վստահեցրել, որ պատրաստ են քննարկել իր կողմից ներկայացվելիք առարկությունները, միաժամանակ փաստել, որ տիպային պայմանագրով խաղի հավասար կանոններ են սահմանվել հանրապետության բոլոր ջրօգտագործողների համար։
Ընկերության ղեկավարը հորդորել է ջրօգտագործողին՝ օր առաջ պայմանագիր կնքել, կանոնավոր վճարել օգտագործած ջրի դիմաց և համագործակցել առողջ դաշտում։
« վերադառնալ ցանկ