Ջրային կոմիտեն ոռոգման համակարգի զարգացման հայեցակարգ է մշակել
03.07.2019Ոռոգման ոլորտի վերջին տարիների ցուցանիշները վկայում են համակարգի հրատապ բարեփոխման ու արդիականացման անհրաժեշտության մասին։ Ըստ այդմ, աճում են ծախսերը, նվազում՝ արդյունավետությունը։ Մասնավորապես, 2006 թվականից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը, փաստացի ոռոգվող հեկտարները միջինը նվազել են 2.4%-ով, սակայն ոռոգման համակարգի կազմակերպություններին (ՋՕԸ-ներ և “Ջրառ” ՓԲԸ) ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբսիդիան աճել է մոտ 23.2%-ով, որից միջինը 3.5%-ով աճել են ՋՕԸ-ներին տրամադրվող սուբսիդիաները, իսկ 43%-ով “Ջրառ” ՓԲԸ-ի սուբսիդիաները:
Փաստացի ոռոգվող հեկտարների՝ 2.4%-ով նվազման ֆոնին մեկ հեկտարին բաժին ընկնող շահագործման ծախսերն աճել են միջինը 4.4%-ով, 2006 թվականի նկատմամբ փաստացի աճը 2017թ․ կազմել է 35%: Մեկ այլ տվյալ․ 2018-ին ոռոգման ջրի հասույթն, ըստ ՋՕԸ-ներից ստացված ամփոփ տվյալների, կազմել է շուրջ 6․5 մլրդ դրամ, որից գանձվել է ընդամենը 3․3 մլրդ դրամը։
Ջրային կոմիտեում ոլորտի զարգացման հայեցակարգ է մշակվել, որտեղ ներկայացված են իրավիճակի հստակ գնահատականները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Փաստաթուղթն այսօր ներկայացվել է հանրությանը։
«Ոռոգման համակարգի զարգացման և ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացման տեսլականի ներկայացում» թեմայով այսօր հանրային քննարկում է կայացել Ջրային կոմիտեում, որին մասնակցել են նաև հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ողջունել է քննարկման մասնակիցներին, վստահեցրել, որ համակարգի համար կարևոր են հստակ ռազմավարության առկայությունն ու սթափ գնահատականը, որպեսզի ճիշտ ուղղությամբ շարժվենք։
Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը փաստերով ներկայացրել է, թե տարեցտարի ինչպես է նվազել ջրօգտագործողների ընկերությունների արդյունավետությունը, հատկապես վերջին տարիներին իրականացված՝ ՋՕԸ-ների խոշորացումից հետո։
2017-2018 թվականներին հանրապետության ամբողջ տարածքում ՀԲ-ի ֆինանսավորմամբ անցկացվել է ոռոգման ակտիվների տեղակայվածության գույքագրում, որի տվյալներն այժմ ներմուծվում են արդեն իսկ գոյություն ունեցող էլեկտրոնային համակարգ՝ մշակված ՋՏԾԻԳ-ի կողմից։
Հայեցակարգը ներառում է նաև համակարգի ընդհանուր գույքագրումը, ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացումը, կառուցվածքային բարեփոխումները, կառավարման բարելավման և կոնկրետ գործողությունների պլանների մշակումն ու իրականացումը:
Քննարկման մասնակիցները բարձր գնահատական են տվել հայեցակարգի նախագծին, բազմաթիվ հարցեր ուղղել Ջրային կոմիտեի պատասխանատուներին։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ՋՕԸ-ների գործունեության ու կառավարման արդյունավետությանը, ջրի կորուստներին, համակարգի տեխնիկական վիճակին ու ֆինանսական խնդիրներին, սպառիչ պարզաբանումներ են տրվել։
Հանրային քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվել է հետագայում ևս դիտարկումներ ու առաջարկություններ ներկայացնել՝ առաջիկա 2 ամսվա ընթացքում նախագիծը լրամշակելու նպատակով։
« վերադառնալ ցանկ