Ջրային կոմիտեն աջակցում է նորարարությանը
23.06.2019Հայաստանում իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում, հունիսի 21-ին ներկայացվել են երիտասարդ գիտնականների նորարարական նախագծերն, ուղղված՝ ոռոգման համակարգում ջրի մաքրմանը, ջրաչափությանն ու հաշվառմանը, ցայտաղբյուրների գույքագրմանը, հանրային իրազեկման աշխատանքներին: Նախագծերն արդի տեխնոլոգիաներով նոր լուծումներ են առաջարկում հին խնդիրներին, ինչի շնորհիվ կբարձրանա համակարգի արդյունավետությունն ու կնվազեն ջրի կորուստները:
Նախագծերի շնորհանդեսին մասնակցել է Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, այլ ներկայացուցիչներ: Կոմիտեի ղեկավաը ողջունել է նախաձեռնությունները, վստահեցրել, որ պատրաստակամ են գործնական աջակցություն ցուցաբերել դրանց փորձարկմանն ու հետագայում՝ նաև կիրառմանը:
Երիտասարդ գիտնականների թիմն առաջարկում է ոռոգման ջուրը կենցաղային թափոններից, ջրաբերուկներից մաքրելու համար հատուկ ցանցկեն տարողություններ պատրաստել, որոնք կկուտակեն աղբն ու հարմար կլինեն դատարկելիս: Նորարար թիմը հոգացել է, որ ջրանցքները մաքրող ցանցերը լինեն մատչելի և հուսալի, հեշտ կառավարելի:
Ջրաչափության ու հաշվառման սարք, որի կիրառումը՝ նաև բջջային հավելվածով է. Երբ ջրօգտագործողը հնարավորություն ունի տեսնել փաստացի ծախսը, ձևավորված հասույթը, կատարած վճարումներն ու ընթացիկ պարտքը: Նաև՝ հողերի կատեգորիաներն ու մշակաբույսերի ոռոգման նորմատիվները: Այսպիսին է հաջորդ նախագծի առաջարկը:
Եվ իհարկե, բոլոր նախագծերի պարտադիր բաղադրիչն իրազեկումն է, կրթությունն ու հանրային հաղորդակցության զարգացումը սպառողների, ջրօգտագործողների շրջանում, որն անխուսափելի կբերի վարքագծի դրական փոփոխությունների: Որպեսզի քաղաքացիները լիարժեք տիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, պատասխանատու լինեն շրջակա միջավայրի ու թանկ ռեսուրսի խնայողության, մաքրության համար, նաև տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիական հմտություններին, կարողանան հետևել սեփական ծախսերին ու վճարումներին:
ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը մի շարք հարցեր է ուղղել նախագծի հեղինակներին, պարզաբանելով ոլորտի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել՝ մասնակցել փորձարկումներին ու նախագծերի փորձարարական փուլերին:
« վերադառնալ ցանկ