Ջրային կոմիտեում քննարկվել են ՋՕԸ-ների ընթացիկ խնդիրները
29.05.2019Ջրային կոմիտեում ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են համակարգի հրատապ խնդիրները: Ոռոգման շրջանն արդեն թեժանում է և շատ կարևոր է ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը: Այս մասին ՋՕԸ պատասխանատուների հետ խոսել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, հիշեցրել, որ ջրօգտագործողների հետ պետք է մշտապես կապի մեջ լինեն, օպերատիվ լուծեն ընթացիկ խնդիրներն ու ջրի բաշխման հարցում առավելագույնս արդարամիտ լինեն:
Կոմիտեի փոխնախագահն անդրադարձել է նաև ջրաչափության խնդիրներին, հանձնարարել մշտապես հետևել Սկադա համակարգի սարքավորումների աշխատանքին, ընթացիկ տվյալներին, իսկ այն տարածքներում, որտեղ նոր էլեկտրոնային ջրաչափիչ սարքավորումներ պետք է տեղադրվեն, աշխատանքներն արագացվեն, մշտապես կապ պահպանեն մասնագետների հետ` գործարկումն ու սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:
Ինչ վիճակում են ընկերություններում գործարկվող ֆինանսական կարգապահության նոր գործիքները. խոսքը հաշվապահական կենտրոնացված հաշվառման ու էլեկտրոնային վճարման համակարգին միանալու մասին է: Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ծրագրերի ներդրման ընթացքը, խոսել նաև ծագող խնդիրներից և տեղեկացել լուծման տարբերակներից: Հարություն Գուլյանը հանձնարարել է հետևել գանձումներին, պարտաճանաչ լինել նաև հարկային պարտավորություններում:
Խոսվել է նաև ներտնտեսային ցանցերի մաշվածությունից, կարևորվել դրանց սպասարկման հարցում համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հանդիպմանն արծարծվել են նաև գերնորմատիվային հողերի հետ կապված ջրի հավելյալ ծախսի, ընկերությունների սուբսիդավորման հարցերը: ՋՕԸ տնօրենները կրկին բարձրացրել են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների հարցը, ինչից հաճախ տուժում են հնամաշ պոմպերը, շարքից դուրս գալիս:
Ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները, Ջրային կոմիտեի փոխնախագահը մի շարք հանձնարարականներ է տվել, հորդորել ոռոգման թեժ շրջանում հատկապես օպերատիվ գործել, մշտապես կապի մեջ լինել ու հետևել ջրի արդար ու համաչափ բաշխմանը:
« վերադառնալ ցանկ