ՋՕԸ-ներում ֆինանսական կարգապահության նոր գործիքներ են ներդրվել
19.05.2019Մայիսի 20-ին Ջրային կոմիտեում հագեցած օրակարգով քննարկման են հրավիրվել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները: Առաջնահերթ խնդիրը ընկերությունների ֆինանսական կարգապահությունն է, որին աջակցելու համար նոր նախաձեռնություններ են ներկայացվել: Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը վստահեցրել է. «համակարգում պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, որպեսզի կառավարումն ավելի օպերատիվ լինի և գործունեությունն՝ առավել արդյունավետ: Մենք ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի հասնելու համար»:
Մասնավորապես, ոռոգման ջրի վճարների համար պայմանավորվածություն է ձեռքբերվել «ԻԴրամ» ընկերության հետ, որն էլ ջրօգտագործողների համար ավելի շահավետ պայմաններով ստանձնել է վճարումների ընդունման ծառայությունը: Ավելի քան 400 000 հաճախորդ ունեցող ընկերությունը էլեկտրոնային վճարումների ժամանակակից համակարգ է ներկայացնում, որ էապես կհեշտացնի գյուղացիական տնտեսությունների հոգսն այս առումով: Եթե նախկինում վճարման միակ տարբերակը «Հայփոստով» էր, կամ շատ տարածված՝ ջրբաշխին գումարն առձեռն փոխանցելով, ապա այսօր արդեն, դառնալով «ԻԴրամ» համակարգի անդամ, ջրօգտագործողը կկարողանա վճարումներ կատարել հեռախոսի, համակարգչի կամ տերմինալի միջոցով: Բացի այդ, կկարողանա հետևել կատարած վճարումների ընթացքին:
Ընկերության ներկայացուցիչը տեղում պայմանագիր է կնքել ՋՕԸ-ների ղեկավարների հետ, պարզաբանել, որ հատուկ ծրագիր է մշակվում, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուր ջրօգտագործողի հողատարածքի մակերեսները, ձևավորված հասույթը, կատարված վճարումները, այլ տվյալներ: Ծրագիրը կլինի պարզ, հասանելի, հեշտ կիրառելի, կգործարկվի առաջիկայում:
Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվող հաջորդ նորամուծությունը կենտրոնացված հաշվապահությունն է և կադրային գործը. որը կիրականացվի Հաշվապահների ասոցիացիայի միջոցով՝ առանց լրացուցիչ ծախսերի: Այս ընկերության ներկայացուցիչները ևս տեղում ներկայացրել են առաջարկվող ծառայության մանրամասները, ըստ որոնց, յուրաքանչյուր ՋՕԸ-ում կմնա հաշվետար, որն էլ տվյալները կփոխանցի ասոցիացիային, կլինի ասոցիացիայի ներկայացուցիչը՝ յուրաքանչյուր ընկերությունում:
Սա հնարավորություն կտա ունենալ հստակ վարվող միասնական հաշվապահություն, բոլոր տվյալները կլինեն ճշգրիտ, հասանելի՝ ցանկացած պահի: Ինչպես նկատում է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը՝ «այլևս չենք ունենա միմյանց չհամապատասխանող, երբեմն նաև հակասական տվյալներ և օպերատիվ ցանկացած թիվ միշտ հասանելի կլինի»:
Այս ամենով հանդերձ, մասնագիտացած ընկերությունը, կենտրոնացված հաշվապահություն վարելով, ֆինանսական հոսքերի կառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, կզբաղվի անհուսալի դեբիտորական պարտքերով, կկարողանա ավելի օպերատիվ աշխատել հարկային մարմինների հետ, ոլորտի նորամուծությունները ևս ավելի արագ կհասնեն ՋՕԸ-ներ:
Ջրօգտագործողների ընկերությունների պատասխանատուների հետ կոմիտեում քննարկվել են նաև ընթացիկ տեխնիկական հարցեր՝ գերնորմատիվային հողերից մինչ ներտնտեսային ցանցեր, ջրի բախման հարցեր: Կոմիտեի նախագահը կրկին հանձնարարել է ՋՕԸ ղեկավարներին ՝ ուշադրության կենտրոնում պահել ֆինանսական կարգապահության հարցերը, հետևել, որ ընթացիկ վճարումներ կատարվեն և նոր պարտքեր չկուտակվեն ընկերություններում, ինչպես նաև խստորեն հետևել ջրի արդար բաշխման սկսզբունքին:
« վերադառնալ ցանկ