Սևանից ջրառը նվազեցնելու միակ տարբերակը արդյունավետ կառավարումն է. Ջրային կոմիտեի նախագահ
28.04.2019Այսօր՝ ապրիլի 29-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատաժողով է գումարվել՝ Սևանա լճի հիմնախնդիրները քննարկելու նպատակով, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
«Սևանա լիճ. ներկա վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները և հետագա հետազոտության կարիքները» թեմատիկ խորագրով աշխատաժողովին մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Կառույցի ղեկավարը հանդես է եկել զեկույցով, վստահեցրել, որ հնարավոր ամեն ինչ պետք է անենք Սևանա լճի համար, քանի որ ցանկացած հայ մարդու համար՝ ասել, թե Սևանը մեր հարստությունն է, նշանակում է ոչինչ չասել։ «Պիտի ուշադիր ու հոգատար լինենք և համապարփակ քայլերով անենք ամեն ինչ, որ պահպանենք լիճը, զարգացնենք էկոհամակարգը և թույլ չտանք տարիներ շարունակ արձանագրվող բացասական ազդեցությունը։ Սևանի հետ կապված բոլոր գործընթացները պետք է լիարժեք վերահսկվեն»,- ասել է կոմիտեի ղեկավարը։
Վարդան Մելքոնյանն անդրադարձել է Ջրային կոմիտեի գործառույթներին, որոնցով պայմանավորված, կառույցը Սևանա լճի ամենալուրջ ջուր սպառողն ու աղտոտողն է՝ միաժամանակ, քանի որ ջրային համակարգերի կառավարումը ևս կոմիտեի իրավասության դաշտում է․ «Հայտնի է, որ «Սևանի մասին» օրենքով թույլատրվում է տարեկան լճից ոռոգման նպատակով վերցնել 170 մլն խ/մ ջուր, սակայն անցյալ տարի էլ այդ թիվը չի պահպանվել, Աժ-ն լրացուցիչ 40 մլն-ի թույլտվություն էր տվել, որից փաստացի օգտագործվել է 36․8մլն-ը, իսկ նախորդ տարի լրացուցիչ 100 մլն-ի համար է եղել թույլտվություն, որ գրեթե ամբողջությամբ վերցվել է Սևանից։ Սա, իհարկե, խնդիր է, հաշվի առնելով նաև ոռոգման համակարգի մեծ կորուստները։ Սա մարտահրավեր է, և մեր առջև խնդիր է դրված համակարգն ավելի արդյունավետ կառավարել և այստեղ 2 կողմ կա։ Եթե ավելի քիչ ջուր ենք վերցնում Սևանից, քան անհրաժեշտ է գյուղատնտեսությանը, ապա ստիպված ենք լինում ավելի շատ դիմել պոմպերին ու պոմպակայաններին, որոնց լրացուցիչ էներգետիկ ծախսն անցած տարի, օրինակ, կազմել է 800մլն դրամ։ Սևանից ջրառը նվազեցնելու միակ տարբերակը մնում է արդյունավետ կառավարումը՝ ողջամիտ, խելամիտ հիմքերի վրա, կորուստների հետևողական նվազեցումը հնարավոր բոլոր ուղղություններով, համագործակցության զարգացումը գյուղատնտեսության ոլորտի, շահագրգիռ բոլոր կողմերի հետ»։
Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև Սևանա լճի աղտոտման խնդրին, պարզաբանել, որ շրջակա քաղաքներում մաքրման 3 կայաններ կան, որոնք մեխանիկական մաքրում են իրականացնում, կոյուղացանցերն այդ քաղաքներում լիարժեք չեն աշխատում։
Մարտունիում, Վարդենիսում անգամ թաղամասեր կան, որոնք ընդհանուր ցանցեր չունեն, ջուր ստանում են սեփական հորերից, նույնկերպ կազմակերպում ջրահեռացումը և այդ պայմաններով ոչ մի կերպ հնարավոր չի իրենց ընդգրկել սպասարկող օպերատորի տիրույթում։ Այդ ճանապարհով կեղտաջրերը, անձրևաջրերը հոսում են մաքրման կայաններ, աղտոտում լիճը։ Կենսաբանական մաքրման պայմաններ չկան և օպերատորն էլ է մտահոգված այս խնդրով։
Վարդան Մելքոնյանը տեղեկացրել է նաև, որ վարկային ծրագրով Սևանում մաքրման նոր կայան կունենանք, մոտակա գյուղերն էլ կներգրավվեն սպասարկման տիրույթում։ Ծրագրված է նաև առափնյա բիզնես իրականացնող ընկերությունների հետ ստեղծել պայմաններ, որ, օրինակ, հյորանոցները, հանգստյան տները, ռեստորանները և այլն, ունենան փոքր, լոկալ մաքրման կայաններ։
Հէկ-երի խնդրին ևս անդրադարձ է եղել․ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ կայանների գործունեությունն այժմ խիստ վերահսկվում է պատկան բոլոր մարմինների, ներառյալ Ջրային կոմիտեի կողմից, ջրաչափական հանգույցներ են տեղադրվում։
Դիմելով գործընկեր միջազգային կառույցներին, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հույս է հայտնել, որ խնդիրների լուծման, զարգացման ծրագրերի համար առաջարկվող բոլոր մոդելներում հաշվի կառնվեն մեր տեղային, ազգային և այլ առանձնահատկությունները, մեր բարդություններն ու նրբությունները։
« վերադառնալ ցանկ