«Արմավիր» ՋՕԸ-ն ևս ընտրել է վերակազմակերպման ճանապարհը
10.12.2018Դեկտեմբերի 7-ին «Արմավիր» ՋՕԸ վարչական խորհրդի 7 անդամները հերթական նիստն են գումարել՝ խորհրդի նախագահ Սիմոն Ասատրյանի նախագահությամբ՝ ներկայացուցիչների արտահերթ ժողով հրավիրելու առաջարկով։ Նիստին հրավիրված էր ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Կոստանյանը, ներկա էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները։
Ընկերության վարչական խորհրդի նախագահ Ս. Ասատրյանը փաստել է, որ մարզում ոռոգման վիճակը վերջին տարիներին զգալի վատացել է, ջրօգտագործողների մասնակցությունը ընկերության կառավարմանը էապես նվազել է, տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների աշխատանքը ևս ցածր մակարդակի է, ինչի պատճառը ընկերությունների միավորումն էր: Ժողովին վարչական խորհրդի նախագահը անդրադարձել է նաև համակարգի տեխնիկական վիճակի, ջրաղբյուրից մինչև սպառող ջրակորուստների հարցերին։
Խորհրդի անդամները փաստել են նաև, որ ոռոգման շրջանում հաճախ են բախվել աշխատանքների օպերատիվ կազմակերպման խնդիրներին: Արդյունքում վճարների հավաքագրման ցածր ցուցանիշներ են գրանցվել, որոնք զգալի զիջում են նախորդ տարիների արդյունքին։
Խորհրդի նախագահն առաջարկել է ընկերության գործունեությունը բարելավելու նպատակով առանձնացման եղանակով վերակազմակերպել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունները:
Ներկայացուցիչները ելույթ են ունեցել, խոսել իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կառավարության, Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծում կտրվեն շատ հարցերի։ Նրանց բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։
Ժողովի մասնակիցները հավանություն են տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների առանձնացման առաջարկին, որոշվել է հնարավորին արագ սկսել վերակազմակերպման գործընթացը։
Որոշվել է 2019թ. հունվարի 17-ին «Արմավիր» ՋՕԸ ներկայացուցիչների ժողով գումարել՝ վերակազմակերպման հարցով։
« վերադառնալ ցանկ