Ջրային կոմիտեում «Վեոլիա ջուր» ընկերության հետ հարցեր են քննարկվել
10.12.2018Դեկտեմբերի 7-ին Ջրային կոմիտեում աշխատանքային հանդիպում է կայացել «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկման թեման ընկերության սպասարկման տիրույթից դուրս գտնող որոշ համայնքների հարցն էր:
Հայաստանում մոտ 570 համայնք Վեոլիայի սպասարկման տիրույթից դուրս է մնացել հիմնականում ջրամատակարարման համակարգերի անբավարար վիճակի պատճառով: Այդ ցանկից 54 համայնքում վերջին տարիներին արդեն իսկ մոտ 21 մլրդ դրամի աշխատանքներ են կատարվել Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի` համայնքների ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրով: Աշխատանքները կատարվել են Արագածոտնի մարզի 9, Գեղարքունիքի մարզի 5, Լոռու մարզի 5, Շիրակի մարզի 12, Սյունիքի 4, Տավուշի 14, Վայոց Ձորի 5 համայնքներում: Սակայն «Վեոլիա ջուրը» կարծես թե չէր շտապում այդ ընկերությունները ներառել իր սպասարկման տիրույթում՝ տարբեր պատճառներով, որոնց մեջ գերակշռողը համակարգի ոչ լիարժեք ու անբարեկարգ վիճակն է:
Ընդամենը 3 համայնքի, որտեղ համակարգերի ամբողջական պատկերը դրական է, ընկերությունն արդեն իսկ համաձայնել է ներառել, մեկի դեպքում էլ պայման է դրվել մեծածախ սպառման դիմաց գոյացած պարտքի մարումը: Որոշ համայնքերում էլ ավագանին է բացասական որոշում կայացրել, ուրիշները քննարկման են սպասում, իսկ մի շարք համայնքներ էլ իրենք չեն տեղեկատվություն տրամադրել մատակարար ընկերությանը:
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից արձանագրված հիմնական թերությունները մնացած համայնքներում սրանք են. բացակայում են քլորակայանները, ջրաչափական դիտահորերը, ջրագծերի նորոգման կարիք կա:
Ծանոթանալով ներկայացված պատկերին, Ջրային կոմիտեի նախագահն առաջարկել է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներին հնարավոր տարբերակներով արագացնել նոր համայքների ներգրավումը սպասարկման տիրույթում, որով թե այդ բնակավայրերի ջրամատակարարումը կբարելավվի, թե ջրի սպառման ավելացումից կշահի ընկերությունը: Որոշվել է համագործակցությունն ակտիվացնել՝ այս և մյուս գործընթացներում ծագող խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքելու և համատեղ լուծումներ գտնելու նպատակով:
« վերադառնալ ցանկ