Ջրային կոմիտեի նախագահի օպերատիվ արձագանքը
29.10.2018Հոկտեմբերի 27-ին լրատվական կայքերից մեկում ահազանգ էր հրապարակվել՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվող՝ ջրամատակարարման բարելավման աշխատանքների հետ կապված: Ջրագծի նորացումից հետո ասֆալտապատում դեռևս չէր կատարվել և Տիգրանյան 4 հասցեում պատահար էր գրանցվել. քաղաքացին իր ավտոմեքենայով ուշ երեկոյան հայտնվել էր ջրի արտահոսքից առաջացած փոսում:
Ջրային կոմիտեի նախագահի հանձնարարականով պատահարի վայր են մեկնել կոմիտեի ու Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ներկայացուցիչները, պարզել իրավիճակն ու արագ կազմակերպել վերականգնման աշխատանքները, իսկ տեղամասի պատասխանատու շինարարական կազմակերպությունը փոխհատուցել է քաղաքացու կրած նյութական վնասը:
Հաջորդ օրը՝ կիրակի, հոկտեմբերի 28-ին, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են նաև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծող ու վերահսկող կազմակերպությունները: Պատահարի վայր այցելած պաշտոնյաները մանրամասն զեկուցել են կատարված աշխատանքների մասին, պարզաբանել, որ այն «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ լուծելու խնդիր էր: Իսկ ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ամբողջ ծրագիրը՝ թե ինչ է արվել, այժմ որ փուլում են և ինչ արդյունք կապահովի ծրագիրը: Ժամանակացույցին համապատասխան կատարված աշխատանքները մանրամասն ներկայացվել են ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների: Խոսել են նաև շինարարական աշխատանքերի ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրների մասին, որոնք հաճախ են տեղամասերում բարդություններ առաջացնում: Խոսքը, մասնավորապես, հին ջրագծերի վթարային վիճակի, ինչպես նաև ներտնային միացումների մասին է:
Կոմիտեի նախագահը հանձնարարել է աշխատանքները կատարել բարեխիղճ ու որակով, բոլոր փուլերում առաջնորդվել բարձր պատասխանատվությամբ, նախաձեռնող լինել և անտարբերության չմատնել խնդիրները:
«Հիշեք, որ մեր երկրում իրավիճակ է փոխվել և այլևս չպետք է լինեն արատավոր երևույթներ: Աչքակապություն, խնդիրների շրջանցում, անորակ շինարարություն և նման բաներ չեն լինելու: Մեր աշխատանքը մեր երկրի ու ժողովրդի համար է և պարտավոր ենք հաշվետու լինել մեր յուրաքանչյուր քայլի համար: Կրկնեմ՝ բոլոր ծրագրերի կենտրոնում մարդն է և ամեն քայլափոխի պետք է սրա մասին հիշենք ու հնարավորինս քիչ անհարմարություն պատճառենք մեր քաղաքացիներին՝ շինաշխատանքների ընթացքում: Բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե որ թաղամասում ինչ աշխատանքներ են ընթանում և ինչ նպատակով: Աշխատանքային հատվածները պետք է հուսալի մեկուսացվեն, նախազգուշական ու իրազեկման աշխատանքներ տարվեն՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար» ,- ասել է Ինեսսա Գաբայանը:
Կոմիտեի նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին, մասնավորապես առաջարկել, որ իրականացվող աշխատանքերում ակտիվ ներգրավվեն նաև սոցիոլոգներն ու բնապահպանները, իսկ նման հանդիպումները դառնան պարբերական՝ իրավիճակի օպերատիվ կառավարումը համակողմանի ապահովելու նպատակով:
« վերադառնալ ցանկ