ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Տեխնիկական հանձնաժողում քննարկվել են ջրամբարների անվտանգության հարցեր

07.10.2018 Տեխնիկական  հանձնաժողում քննարկվել են ջրամբարների անվտանգության հարցեր

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին հերթական նիստն է գումարել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երրորդն է: Օրակարգում կառավարության որոշումների փոփոխությունների առաջարկներ են՝ ուղղված հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությանը: Ըստ այդմ, երկու որոշման փոփոխությունների նախագիծ էր ներկայացված հանձնաժողովի անդամների քննարկմանը, ինչպես նաև՝ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ եզրակացության տրամադրման հարցը:


Փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության տեսանկյունից քննարկվել են «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը սահմանելու մասին» N686-Ն և «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N957-Ն որոշումները։


Առաջին հարցի հետ կապված, հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ամրապնդման նպատակով առաջարկվել է ավելի առարկայական դարձնել վերահսկողության շրջանակը, միաժամանակ ավելի իրատեսական մոտեցումներով առաջնորդվել։ Հանձնաժողովի անդամ Դանիել Ստեփանյանի դիտարկմամբ, ավելի ճիշտ կլինի անվտանգության հայտարարագրերի կազմման և տեխնիկական զննում կատարելու աշխատանքները երեք տարին մեկ կատարելու պահանջը հանել որոշումներից, դրանք նախատեսել ըստ անհրաժեշտության, ինչը սակայն չի ընդունվել գործընկերների կողմից: Առաջարկվել են նաև խմբագրական շտկումներ: ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի բովանդակության սահմանման, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգի համաձայն, տեխնիկական հանձնաժողովը որոշ դեպքերում կարող է իրականացնել տեսչական ստուգում, սակայն այդ գործառույթը վերապահված է տեսչական մարմիններին:


Զեկուցողին հարցեր են ուղղել և ելույթ ունեցել հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը, անդամներ Գրիգոր Գաբայանը, Ռուբիկ Անդրեասյանը և Կամո Աղաբաբյանը: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին. Հայաստանի Հանրապետությունում գործող 17 խոշոր ջրամբարների տեխնիկական զննումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից: Ջրամբարների անվտանգության հայտարարագրի պահանջները պարտադիր կատարման ենթակա պետք է լինեն բոլորի համար: Գրիգոր Գաբայանն առաջարկել է զննման աշխատանքները վստահել միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող, լիցենզավորված կազմակերպություններին, ուսումնասիրելով ոլորտի միջազգային փորձը:


Հանձնաժողովի անդամ Ռ. Անդրեասյանը նշել է, որ ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերի կազմման համար ֆինանսական միջոցներ չտրամադրելու պատճառով տևական ժամանակ ՀՏԿ-ների զննումներ չեն իրականացվել: Ուստի, որևէ ժամկետ սահմանելուց առաջ, նախ անհրաժեշտ է իրականացնել ՀՏԿ-ների զննումներ՝ դրանց տեխնիկական վիճակի բազային պատկեր ունենալու համար։


Բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկվել է մինչև հոկտեմբերի 15-ը դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել տեխնիկական հանձնաժողովի աշխատակազմին, որոնք կամփոփվեն և սահմանված կարգով կներկայացվեն Ջրային կոմիտե՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:


Օրակարգի 2-րդ հարցով զեկուցող Դ.Ստեփանյանը տեղեկացրել է, որ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրի առք ու վաճառքի պայմանագրով ՀՏԿ-ների տեխնիկական վիճակի ուսումնասիրման պարտավորությունը դրված է «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի վրա, որի արդյունքում ՀՀ ԷԵԲՊ նախարարության և ՀԾԿ հանձնաժողովի հետ համատեղ պետք է մշակվի գործողությունների ծրագիր: «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն համապատասխան ուսումնասիրությունները պատվիրել է «Ֆիխտներ» գերմանական ընկերությանը, որը ուսումնասիրել և գործողությունների ծրագիր է ներկայացրել: «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի վրա այս պարտավորությունը դնելն ինքնանպատակ չի եղել․ քանի որ հարցը հիմնականում պետական հատուկ նշանակության ջրային համակարգերին է վերաբերում, որոշվել է այն ներկայացնել տեխնիկական հանձնաժողովի քննարկմանը: Նպատակը՝ պատշաճ ձևով պարտավորության մշակումը, կատարումը և դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացություն ստանալն է:


Աշխատանքային խումբն առաջարկել է մոնիտորինգի համակարգերի ներդրման ու լրացուցիչ տվյալների արդյունքներով ճշգրտված հաշվարկային մոդելների կիրառմամբ ՀՏԿ-ների գնահատման նոր արդյունքներն ու առաջարկվող միջոցառումները դարձնել տեխնիկական հանձնաժողովի քննարկման առարկա:


Ամփոփելով օրակարգի հարցերի վերաբերյալ քննարկումները և կատարելով ելույթների արդյունքներից բխող եզրահանգումներ, հաշվի առնելով «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության ուսումնասիրությունների վերաբերյալ տեխհանձնաժողովի աշխատանքային խմբի եզրակացությունը, հանձնաժողովն ուսումնասիրություններն ի գիտություն է ընդունել ՝ տալով դրական եզրակացություն:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ