Ֆրանսիական զարգացման գործակալության ծրագրերը Հայաստանում հաջողությամբ են իրականացվում
23.10.2018
Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում ՖԶԳ-ն մեր երկրում իրականացնում է Վեդիի ջրամբարի ծրագիրը, ինչպես նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ոռոգելի գյուղատնտեսական զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի տեխնիկական աջակցությունը: Վեդիի ջրամբարն անկախ Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է, իսկ ջրամբարաշինությունը երկրի տնտեսության համար կարևոր ռազմավարական ուղղություններից է: Շուրջ 500 000 բնակչություն և 65 % ոռոգելի տարածք ունեցող երկու մարզերում բարելավված ոռոգման համակարգերը նշանակալի խթան կարող են հանդիսանալ Հայաստանի գյուղոլորտի զարգացման ու արդիականացման համար:
Ծրագրերի ընթացքին ծանոթանալու և ընթացիկ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստան են ժամանել Հարավային Կովկասի ՖԶԳ ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Գայել Ասսայագը, Վեդիի ծրագրի թիմի ղեկավար Ալեքսիա Հոֆմանը և գործակալության այլ ներկայացուցիչներ։ Նրանք այսօր ՖԶԳ հայաստանյան ներկայացուցիչ Վադիմ Ուզունյանի ուղեկցությամբ այցելել են Ջրային կոմիտե, հանդիպում ունեցել կառույցի պատասխանատուների հետ։
Հյուրերը կոմիտեի ղեկավարությանն են ներկայացրել տպավորությունները՝ ծրագրերի ընթացքից, մանրամասնել ընթացիկ փուլերի անելիքները։
Անդրադարձ է կատարվել նաև ինստիտուցիոնալ զարգացման խնդիրներին։ Այդ նպատակով կարողությունների զարգացման աջակցություն կտրամադրվի Ջրային կոմիտեին։ Մասնավորապես, օժանդակությունը կուղղվի ոռոգման ոլորտի բարեփոխումներին, ֆինանսական կայունությանն ու կառավարման կարողությունների հզորացմանը։
Կարևոր տեղ կտրվի փորձի փոխանակմանն ու մասնագետների վերապատրաստման դասընթացներին:
Ծրագրով համակարգում ուսումնասիրություններ, հետազոտություններ կիրականացվեն, որոնք վերլուծական լուրջ հիմք կդառնան հետագա ծրագրերի համար, կբարելավվեն մշտադիտարկման, փորձաքննության, գնահատման գործիքներն ու մեթոդները, իսկ Վեդիի տարածաշրջանում, որպես ինտեգրված պիլոտային տարածք, կիրականացվեն ոռոգման համակարգի արդիականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման նախագծեր:
« վերադառնալ ցանկ