Ջրային կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ծրագրերը
22.10.2018Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և հայաստանյան ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերն ու ապագա համագործակցության նոր ուղղությունները:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ն իրականացնում է Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագիրը, որի տևողությունը 5 տարի է, գործում է 2015 թվականից, ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է:
Ծրագիրն իրականացվում է ԵՆԲ/30 մլն եվրո վարկ/Վերակառուցման և զարգացման երվոպական բանկի (ՎԶԵԲ)/30 մլն եվրո վարկ և ԵՄ ՀՆԳ/20 մլն եվրո դրամաշնորհ միջոցներով: Այս ներդրումներն ուղղվել են ՀՀ Կոտայքի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում 126 բնակավայր սպասարկող՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման կայանների վերակառուցմանն ու արդիականացմանը (ընտրվել են նախորդ՝ ՀՋԿ սպասարկման տիրույթի 303 բնակավայրերից ամենակարիքավորները):
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրը ևս ընթացքի մեջ է, վարկային պայմանագրի վերջնաժամկետն է 2023թ., համակարգի արդիականացմանն ուղղված գումարը՝ 21 մլն. ԱՄՆ դոլար:
Ծրագիրն իրականացվելու է ՎԶԵԲ/7 մլն ԱՄՆ դոլար վարկ/, ԵՆԲ/7 մլն ԱՄՆ դոլար վարկ/ և ԵՄ ՀՆԳ-ի/7մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ/ միջոցներով: Այս միջոցներն ուղղվելու են ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներին: Նախատեսվում է ջրի նոր խողովակներ անցկացնել և հին պոմպերը նորերով փոխարինել, ընտրված տարածքներում անհատական միացումները նորացնել, այդ թվում՝ փակ խցիկներում ջրաչափեր տեղադրել:
Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչներ Թիա Մելիքաձեն և Սոֆիկո Չեխրաձեն ներկայացրել են բանկի մոտեցումները, գոհունակություն հայտնել ընթացիկ ծրագրերից, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանը խոսել է առաջիկա անելիքներից:
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հյուրերին է ներկայացրել համակարգի առաջնահերթ խնդիրները, պարզաբանել, որ դրանք արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համակարգի խնդիրների, տեխնիկական վիճակի ամբողջական գույքագրում իրականացնել:
«Ջրային տնտեսության զարգացման առաջնահերթություններից են ջրամբարաշինությունը որպես ռազմավարական ուղղություն և ջրապահովման կարևոր միջոց, համակարգերի տեխնիկական բարելավումն ու արդիականացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը ոռոգման համակարգում: Էներգախնայողության և ոռոգման արդյունավետության, կորուստների նվազեցման նպատակով կարևոր է նաև անցումը մեխանիկական ոռոգումից՝ ինքնահոսի: Մեր խնդիրները շատ-շատ են և միակ ճանապարհը դրանք քայլ առ քայլ լուծելն է նաև մեր գործընկերների աջակցությամբ»,- ասել է Ջրային կոմիտեի նախագահը:
Ինեսսա Գաբայանը խոսել է նաև համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և մոնիտորինգի ապահովման անհրաժեշտության մասին, կարևորել որակյալ մասնագետների պատրաստման և ներգրավման հարցերը:
« վերադառնալ ցանկ