ՀՀ փոխվարչապետն աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին
04.09.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:
Մասնակցում էին` ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վ. Հակոբյանը, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը, նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար` Մ. Մկրտումյանը, նախագահի խորհրդական Ա. Ղուլյանը, մամուլի քարտուղար Ա. Մուրադյանը, «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ների միջազգային գլխավոր տնօրեն Պ. Լորենը, «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Ս. Հովհաննիսյանը, «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Է. Սարգսյանը, Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վ. Թադևոսյանը, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Ա. Ղազարյանը, ««Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Կ. Ալեյանը:
Փոխվարչապետը շնորհավորեց և նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարևոր և միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջև դրված խնդիրները: Միաժամանակ փոխվարչապետն ուշադրություն հրավիրեց Կապսի ջրամբարի կառուցման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցության մասին բանակցություններին, համակարգի առանձին աշխատակիցների պարգևատրման ներկայացմանը, ոռոգման ոլորտում հավաքագրման մակարդակին, 2015 թվականի բյուջետային քննարկումների սկսմանը, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի զարգացման քաղաքականության գործառնությունների (DPO) կատարմանը և այլ հարցերի:
"Ոլորտում իրականացվում են և առաջիկա տարիներին ևս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման և զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզվածեմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար",- ընդգծեց Ա. Գևորգյանը:
Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ կանի հնարավորը՝ իր առջև դրված խնդիրները լուծելու և ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:
Փոխվարչապետը նաև արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝նշելով, որ նրա ղեկավարության տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի և երկարատև աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգևատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:
« վերադառնալ ցանկ