Արմավիրի մարզում հեղեղից վնասվել են դաշտերն ու ոռոգման ջրանցքի մի հատվածը. Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ
19.08.2018Օգոստոսի 19-ի երեկոյան տեղացած երկարատև հորդառատ անձրևի հետևանքով Շենիկ ու Քարակերտ համայնքներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Թալին-1 ջրանցքի՝ երկու գյուղերի սահմանակից հատվածում սարերից իջնող հեղեղաջրերն այնքան առատ էին, որ հեռացնող հեղեղատարն ի վիճակի չի եղել ամբողջովին տեղափոխել սելավաջրերը: Ջրերը հեղեղել են նաև ջրանցքի մերձակա այգիներն ու դաշտերը, ճամփեզրի հատվածն ու վնասել նաև ջրանցքի 4-5 մետրանոց հատվածը:
Ելնելով իրավիճակից և կանխատեսելով վտանգը, տարածքը սպասարկող «Շենիկ» ՋՕԸ պատասխանատուները նվազեցրել են ոռոգման ջրի հոսքը ջրանցքով, հակառակ պարագայում վնասը շատ ավելի մեծ կլիներ:
Այսօր առավոտյան հեղեղված տարածք են այցելել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը, ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և վնասի չափերը պատկերացնելու համար:
Կոմիտեի ներկայացուցիչները զրուցել են նաև ջրօգտագործողների հետ, տեղում իրավիճակը քննարկել համայնքների ղեկավարների, ապա և մարզպետարանում՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ:
Կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը հեղեղի հետքերով Շենիկ ու Քարակերտ այցելած լրագրողներին պարզաբանել է, որ հեղեղների հեռացման համար նախատեսված հեղեղատար կառույցները կոմիտեի հաշվեկշռում չեն և չեն կարող դրանց վիճակի, սպասարկման հետ կապված սպառիչ տեղեկություններ հաղորդել:
« վերադառնալ ցանկ