ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ոռոգման շրջանն առանց հավելյալ ջրառի. քննարկումները շարունակվում են

10.08.2018 Ոռոգման շրջանն առանց հավելյալ ջրառի. քննարկումները շարունակվում են

Օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  մոտ խորհրդակցություն էր հրավիրվել՝ ոռոգման շրջանն առանց լրացուցիչ ջրառի ավարտելու հարցերով: Կառավարության ղեկավարը սկզբունքորեն դեմ էր արտահայտվել ոռոգման  նպատակով Սևանից հավելյալ ջրառի տարբերակին և հանձնարարել ստեղծել աշխատանքային  խումբ՝ քննարկելու  առանց լրացուցիչ ջրառի ոռոգման շրջանն ավարտելու  հնարավորությունները:

 

Միջգերատեսչական աշխատանքային  խմբի առաջին  նիստը գումարվել է օգոստոսի 10-ին, Ջրային կոմիտեում, որին մասնակցել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների,  Արտակարգ  իրավիճակների, Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների,  Տարածքային կառավարման  և զարգացման նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևան ազգային  պարկի,  «Մելիորիացիա», «Ջրառ» ընկերությունների ներկայացուցիչները և այլոք: 

Ողջունելով մասնակիցներին, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն առաջարկել է նախ ծանոթանալ ոռոգման  շրջանի ներկա իրավիճակին՝ ամփոփ տվյալներով, որից հետո անցնել կառուցողական քննարկման:

 

Ըստ այդմ,  հանրապետությունում ոռոգելի հողատարածքները կազմել են 35.7 հազ.հա: Այդ տարածքները ոռոգելու նպատակով ՋՕԸ-ների կողմից ներկայացված տարեկան հայտը կազմել է 345 մլնխ/մ: Նշված ջրաքանակը ապահովելու նպատակով ՓԲԸ-ի կողմից պլանավորվել է ջրաղբյուրներից իրականացնել 499.5 մլնխ/մ ջրառ, որից շուրջ 154.5 մլնխ/մ կորուստները հաշվարկված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ մայր ջրանցքներում կիրառվող՝27.5% և դերիվացիոն ջրանցքներում 7% ցուցանիշներով: ՋՕԸ-ների կողմից ջրօգտագործողներին մատակարարված ջրաքանակը պլանավորվել է 197 մլնխ/մ(կամ 5.5 հազ.խ.մ/հա): Միջտնտեսային և ներտնտեսային ցանցերում կորուստները հաշվարկված են միջինը 43%-ի չափով:  

 

Այս տարի համակարգում առաջացած 120.1 մլնխ/մ ճեղքվածքի կրճատման նպատակով նախատեսվածից դուրս շահագործվում են Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները: Մնացած 76.4 մլնխ/մ. դեֆիցիտի լրացման նպատակով առաջարկվում է Սևանա լճից կատարել հավելյալ մինչև 40 մլնխ/մ ջրառ: Մնացած 36.4 մլնխ/մ-ն,  սեպտեմբերի 20-ից սկսած, խնայել՝ ոռոգման համակարգերում ջրաշրջանառության կիրառման միջոցով: Արդյունքում փաստացի տարեկան ջրառը կկազմի 463.1 մլնխ/մ՝ նախատեսված 499.5 մլնխ/մ դիմաց:

 

Ջրային կոմիտեի մասնագետները ներկայացրել են նաև ստեղծված իրավիճակի հիմնավոր  պատճառները: Մի կողմից  տաք ու առանց տեղումների ձմեռ ենք ունեցել, ջրամբարները չեն լցվել,մյուս կողմից էլ Սևջուր գետը ցամաքել է՝ վերջին  տարիներին  ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրի անխնա  օգտագործման հետևանքով,  ինչն առայսօր շարունակվում է:

 

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն առաջարկել է միասին գտնել  լավագույն լուծումը,  հիշեցնելով, որ   ծառ ու վազ չորացնելու,  ինչպես նաև  մարդկանց հույսը, ոգևորությունը, որ այսօր կա,  կորցնելու իրավունք չունենք:

 

«Գործ ունենք ընտանիքների հետ, որը վարկեր են վերցրել, որ խնդիրներ ունեն, բայց և հազար ու մի տեսակ հույսեր ունեն: Որևէ մեկը իրավունք չունի գյուղացու ճակատագիրը որոշել այստեղ, այս սեղանի շուրջ: Մենք դրա բարոյական իրավունքը չունենք: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մարդկանց ջուր հասցնենք: Իհարկե, Սևանն էլ է շատ  կարևոր, մենք պետք է Սևանից ջուր վերցնելու դեպքում լճին նվազագույն վնաս հասցնենք, գյուղացուն էլ օգնենք, որ չկոտրենք նրան»,- ասել է Գառնիկ Պետրոսյանը:

 

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը միանշանակ դեմ է արտահայտվել Սևանից հավելյալ ջրառին, առաջարկելով այլընտրանք գտնել: Ըստ բնապահպանի, լճում անդառնալի գործընթացներ են սկսվել,  որոնք ջրի մակարդակի անկման դեպքում ավելի շատ կվնասեն քաղցրահամ  ջրի որակին:

 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանն առաջարկել է այս տարի ևս գնալ  հավելյալ ջրառի՝ հաշվի առնելով մինչև 40 մլն-ի այլընտրանքի բացակայությունը, սակայն եկող տարի ի սկզբանե  խնայողության ու խստագույն  վերահսկողության ռեժիմ  կիրառելով,  բացառել լրացուցիչ ջրառը,  ինչպես նաև Կեչուտից կրկնակի ավելի ջուր լցնել Սևան:

 

Աշխատանքային  օրվա ավարտին սկսված քննարկումը տևել է շուրջ երեք ժամ,  սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ջրային կոմիտեի նախագահն առաջարկել է,  հաշվի առնելով խնդրի հրատապությունը, քննարկումը շարունակել  օգոստոսի 11-ին՝ շաբաթ օրը, ընդ որում՝ ներկայացնել նաև հստակ դիրքորոշումներ և առաջարկություններ:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ