KfW–ն մեծածավալ ծրագրեր է իրականացնում Հայաստանի ջրային ոլորտում
06.08.2018Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման վարկերի բանկի՝ KfW –ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Շնորհավորելով կոմիտեի նախագահին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, Զ. Չատինյանը վստահեցրել է, որ KfW–ի թիմը պատրաստակամ է աջակցելու ՋՏՊԿ-ին՝ իրականացվող ներդրումային ծրագրերի և ոլորտի հետագա բարեփոխումների հարցում:
Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում Գերմանիայի զարգացման վարկերի բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին: Կոմիտեի նախագահը կարևորել է աշխատանքների որակն ու ընթացքն ըստ ժամանակացույցերի, փաստել, որ դրանց շնորհիվ զգալի բարելավվում կարձանագրվի ոռոգման և խմելու ջրի մատակարարման համակարգերում:
Ոռոգման համակարգում KfW-ի ֆինանսավորմամբ իրականացվում է «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 60 մլն եվրո է (վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո և 10 մլն եվրո համաֆինանսավորում): Ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է Կապսի ջրամբարի ընդհանուր ծավալը հասցնել 25 մլն մ3, հետագայում առավելագույն ծավալը հասցնելով 60 մլն մ3-ի:
2017թ. արդեն իսկ ավարտվել են գեոտեխնիկական հետազոտությունները, ներկայումս ընթանում են մանրամասն նախագծման աշխատանքները, որոնք կավարտվեն 2019 թվականի մայիսին։ Շինարարական աշխատանքները կտևեն շուրջ 3 տարի։
«ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, (Ծրագրի փուլ 2 )» ծրագրի ընդհանուր արժեքը 22,2 մլն եվրո է, (այդ թվում՝վարկային միջոցներ՝ 18,5 մլն. եվրո և 3,7 մլն. եվրո համաֆինանսավորում):
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին։
Ծրագրերի հիմնական նպատակն է՝ փոխարինել մեխանիկական ոռոգումը ինքնահոսով, տարեկան խնայելով շուրջ 1.3 մլն կվտ/ժամ էլեկտաէներգիա, բարձրացնել ջրապահովման մակարդակը, հուսալի և անխափան ոռոգում ապահովել, ինչպես նաև նպաստել ոռոգելի նոր հողատարածքների ավելացմանը:
Այդ նպատակով ծրագրերում ներառված հիմնական աշխատանքներով նախատեսվում է՝ Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Արփի լիճ ջրամբարի փականային հանգույցի վերակառուցում, ջրաչափական կայանների վերազինում (SCADA համակարգ), լրացուցիչ կայանների կառուցում և միացում տվյալների կենտրանացված բազային:
Ինչպես նաև կկառուցվի Կումայրի թունելը, ինքնահոս խողովակաշար կտեղադրվի մոտ 20 կմ երկարությամբ, շուրջ 740հա հողատարածքներում ներտնտեսային ոռոգման ցանց կվերակառուցվի:
Ջրամատակարարման համակարգում բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագիրը, որի ընդհանուր արժեքն է 81 մլն. եվրո (այդ թվում վարկային միջոցներ՝ 67,5 մլն. եվրո և համաֆինանսավորում՝ 13,5 մլն. եվրո):
Վարկը տրամադրվել է Գերմանիայի KfW Բանկի (30 մլն. եվրո), Եվրոպական Ներդրումային Բանկի (25.5 մլն. եվրո), և Եվրամիություն / ՀՆԾ կողմից (12.0 մլն. Եվրո):
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի) 11 քաղաքների և 47 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վիճակը, կառուցել կոյուղու մաքրման կայաններ Արմավիր և Սևան քաղաքների համար, բարելավել ՏԻՄ-երի կողմից սպասարկվող՝ ՀՀ տարբեր մարզերի 560 գյուղերից առաջնահերթ բարելավման ենթակա՝ 6 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վիճակը։
« վերադառնալ ցանկ