Արագածոտնի մարզի Պարտիզակ և Նոր Ամանոս գյուղերի բնակիչները դժգոհում են ոռոգման ջրից
29.07.2018Այսօր Ջրային կոմիտե են եկել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Պարտիզակ և Նոր Ամանոս գյուղերի մի խումբ բնակիչներ՝ իրենց համայնքապետերի հետ, բողոքելու ոռոգման ջրի պակասից։ Նրանց ընդունել է կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, լսել հոգսաշատ մարդկանց արդարացի դժգոհությունները։ Նշված գյուղերը ոռոգվում են Արզնի-Շամիրամի ջրանցքից, սպառող վերջին կետերն են և այդ պատճառով մշտապես տուժում են ջրի սակավությունից։ Հողի մշակները պատմել են նաև, որ ներտնտեսային ցանցերն անմխիթար վիճակում են և եղած ջուրն էլ ճանապարհին է կորչում։
Պարտիզակի գյուղապետ Հայկ Տերոյանը փաստել է, որ գյուղում 600 հա-ից ավելի հող ունեն, սակայն մշակում են ընդամենը 30հ-ն, իսկ Նոր Ամանոս համայնքի ղեկավար Վահրամ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ իրենք էլ 460 հա ոռոգելի հողերից մշակում են 120 հա-ն, սակայն այսօր երկու գյուղերում էլ կանգնած են անգամ այդ չնչին բերքը կորցնելու վտանգի առաջ։
Կոմիտեում վստահեցրել են պարտիզակցիներին ու ամանոսցիներին, որ քաջ ծանոթ են նրանց խնդիրներին և դրանք ավելի են սրվել սաստիկ շոգ եղանակի պատճառով։ Ըստ տարածքը սպասարկող ՋՕԸ տվյալների, պլանային ջրամատակարարումն արդեն իսկ իրականացվել է, սակայն լրացուցիչ ջրապահանջարկ է առաջացել ոչ միայն շոգի, այլև ցանված մշակաբույսերի առանձնահատկությունների, քայքայված ներտնտեսային ցանցերի պատճառով։ Մասնագետները պարզաբանել են, որ այսօր շատ տեղերում իսկապես դժվար է լրացուցիչ ջուր հասցնել ջրօգտագործողներին, քանի դեռ Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը չի լուծվել։
Կոմիտեի նախագահը հանձնարարել է աշխատակիցներին՝ հանձնաժողով կազմել և վաղն այցելել նշված գյուղերը, տեղում լրացուցիչ ուսումնասիրելու, թե արդյոք պլանային ու փաստացի ջրառը համընկնում է, ինչից հետո պատկերն ավելի հստակ կլինի և կքննարկեն, թե ինչպես կարող են մեղմել ջրի պակասը։