Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրից ակնկալիքները մեծ են. Ջրային կոմիտեի նախագահ
26.07.2018Ջրային կոմիտեում շարունակվում են հանդիպումները՝ ջրային տնտեսությունում վարկային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ: Հերթական քննարկումը կայացել է հուլիսի 23-ին. Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ու Եվրասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանը քննարկել են «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ընթացքը: Կոմիտեի նախագահը փաստել է, որ ելնելով ոռոգման համակարգի մտահոգիչ վիճակից, շատ է կարևորում արդիականացման, բարելավման ցանկացած քայլ և հույս հայտնել, որ այս ծրագիրն առավելագույն արդյունավետությամբ կիրականացվի: «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրից» ակնկալիքները մեծ են. համակարգերում անելիքները շատ-շատ են, ցավոք մենք ի վիճակի չենք միանգամից կարգի բերել ամբողջը, սակայն յուրաքանչյուր արդյունավետ իրականացված ծրագիր, յուրաքանչյուր բարեխիղճ ներդրում մեզ ավելի կմոտեցնի բարեկարգ և արդյունավետ, նվազագույն կորուստներով ոռոգման համակարգին.- ասել է Ինեսսա Գաբայանը:
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին համաձայնագիր է ստորագրվել «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ֆինանսավորման նպատակով:
Ծրագրի նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, ընդլայնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները և բարձրացնել Ջրօգտագործողների միավորումների (ՋՕՄ) տեխնիկական հագեցվածությունը, ստեղծել ՋՕՄ ֆեդերացիաներ:
Ծրագրի բաղադրիչներից մեկը մեխանիկական ոռոգման փոխարինումն է ինքնահոսով: Այդ նպատակով 70,4 կմ ընդհանուր երկարությամբ 8 ինքնահոս համակարգ կկառուցվի. Բարձրունի, Արգիչի, Ծիծեռնակաբերդ, Ազատ գետից դեպի Մխչյանի պոմպակայանի I աստիճանի հեռացման ջրանցք, Արտաշատի մայր ջրանցքի 5-րդ բաշխիչ ջրանցք, Նոր Խարբերդ, Նոր Գեղի և Նոր Արտամետ, Պտղնի:
Ծրագրով նաև նախատեսվում է մայր ջրանցքների և երկրորդ շարքի ջրանցքների վերականգնման աշխատանքներ իրականացնել: Ըստ այդմ, 4 մայր ջրանցքների ընդհանուր երկարությունից շուրջ 8,6 կմ (Արտաշատի, Արզնի-Շամիրամի, Ստորին Հրազդանի, Կոտայքի), 54,1 կմ միջտնտեսային ջրանցքներ կվերականգնվեն, մոտ 278 կմ ընդհանուր երկարությամբ ներտնտեսային ցանց կվերականգնվի:
Ծրագրով նախատեսվում է նաև զարգացնել ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ կարողությունները և ֆեդերացիաների ստեղծման պիլոտային ծրագիր իրականացնել: Այդ նպատակով ՋՕԸ-ների և ֆեդերացիաների տեխնիկական վերազինում կկատարվի: Ինչպես նաև էլեկտրականության ծախսի մոնիտորինգի, SCADA համակարգի և ջրամղման համակարգերի ու խոշոր ջրօգտագործողների համար բաց ջրանցքներում գործող ավտոմատ ջրաչափ սարքավորումներ կտեղադրվեն, պոմպակայանների էլեկտրատեխնիկական համակարգի ճշգրտման աշխատանքներ կկատարվեն, էքսկավատորների և ամբարձիչ կռունկներ ձեռք կբերվեն:
Ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների հզորացման նպատակով կմեկնարկեն խորհրդատվական, կրթական ու իրազեկման մի շարք ծրագրեր:
Ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ (կաթիլային, անձրևային) պիլոտային ծրագիր կիրականացվի մոտավորապես 400 հա տարածքի վրա՝ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ազդակիր 12 համայնքների տարածքներում: