Արսեն Հարությունյանը ծանոթացել է «Վեոլիա ջուր» ընկերության իրականացրած աշխատանքներին
04.05.2018«Պետության և վարձակալ ընկերության հիմնական նպատակը պետք է լինի մեկը՝ ապահովել սպառողների իրավունքների լիակատար իրացում և սպասարկման բարձր որակ»,- այս մասին «Վեոլիա ջուր» ընկերություն կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, հույս հայտնելով, որ սպառողները հնարավորինս շուտ կզգան ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ազդեցությունը:
Վարձակալ ընկերության ղեկավար անձնակազմը Ա. Հարությունյանին է ներկայացրել 2017 թ.-ին իրականացված աշխատանքների արդյունքները և հիմնական ձեռքբերումները: Ըստ այդմ, անցյալ տարվա ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունը Վարձակալության պայմանագրով նախատեսված պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 1.9 մլրդ դրամի ներդրումներ: Վերը նշված ծրագրից դուրս ընկերությունը լրացուցիչ կառուցել է 12 000 գծմ ընդհանուր երկարությամբ ջրագծեր և 1200 գծմ կոյուղագծեր, վերակառուցվել է 7 գլխամասային կապտաժային կառուցվածք: Վարձակալ ընկերության մասնագետների տվյալներով՝ սպասարկման տարածքում մատակարարվող խմելու ջրի որակի համապատասխանությունը հանրապետությունում գործող ջրի որակի պետական ստանդարտներին կազմում է 98 %: Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ ընկերությունը նաև ակտիվորեն պայքարել է ապօրինությունների դեմ: Անցյալ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցները արձանագրել են ջրի ապօրինի օգտագործման 2510 դեպք: Հայաստանի մարզերում ջրամատակարարումն ավելացել է միջինը 1.2 ժամով:
Ջրամատակարարման բարելավման և ջրի հաշվառման նպատակով ընկերությունը շարունակել է նոր ջրաչափերի տեղադրումը և իր գործունեության առաջին տարվա ընթացքում տեղադրել 58 000 նոր ջրաչափական սարքեր:
Գործընկերների ներկայացրած տվյալներին ծանոթանալուց հետո՝ ՋՏՊԿ նախագահը ներկայացրել է նաև Կոմիտեի կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերակառուցմանն ուղղված տարաբնույթ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը:
Այսպիսով, ընթացքի մեջ են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռու, Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման, ինչպես նաև՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից չսպասարկվող 6 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրերի նախագծման աշխատանքները: Դրանք ընդգրկում են Լոռու մարզի Ուռուտ և Ագարակ, Արմավիրի մարզի Մարգարա, Սյունիքի մարզի Խնածախ, Կոտայքի մարզի Արզական, Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքները: Ծրագրի իրականացման արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կընդգրկվեն չսպասարկվող բնակավայրերի շուրջ 7700 նոր շահառուներ:
Ա. Հարությունյանն ընդգծել է, որ չսպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները, որպես առաջնահերթ խնդիր, կքննարկվեն հետագա ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ խնդրին փուլ առ փուլ լուծում տալու նպատակով:
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերություն 2017 թվականի հունվարի մեկից Հայաստանի Հանրապետության խմելու ջրի համակարգի միասնական օպերատորն է: Ընկերության սպասարկման գոտին, ընդհանուր առմամբ, ընդգրկում է 355 բնակավայր՝ 750 000 բաժանորդներով: