Թալինի մայր ջրանցքը մաքրվել է սելավաջրերից և ցեխից. Ջրամատակարարումը վերականգնվել է
10.07.2017
Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքը, որը ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերը, ամբողջությամբ մաքրվել է և պատրաստ է շահագործման:
Անցյալ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ջրանցքը բերնեբերան լցվել էր սելավաջրերով և ցեխով, ինչի հետևանքով անհնար էր դարձել ջրի մատակարարումը: ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Ջրառ» ՓԲԸ մասնագետներն անմիջապես արձագանքել են ստեղծված արտակարգ իրավիճակին և նախորդ չորս օրերին տեղում աշխատել են 24-ժամյա գրաֆիկով` ջրամատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու համար: Ջրանցքի 1300 մ երկայնքի մաքրման աշխատանքներն իրականացվել են 7 միավոր տեխնիկայով:
Այս պահին ափամերձ տարածքների և սպասարկման ուղիների մաքրման աշխատանքները շարունակվում են, ջրամատակարարումը վերսկսել է:
Նշենք, որ Թալինի մայր ջրանցքի երկարությունը 97 կմ է։ Ջրթողունակությունը 20.5 մ³/վ է։ Ոռոգում է հիմնականում Արագածոտնի և Արմավիրի մարզերի Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանների շուրջ 11 հազար հա հողատարածքներ։