Մամուլի հաղորդագրություն
14.08.2014
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանը Հայկական բնապահպանական ճակատի կողմից Lragir.am կայքում 2014 թվականի օգոստոսի 13-ին ներկայացված «Գողանում են Սևանի ջուրը» հոդվածի և տեսանյութի վերաբերյալ
2014 թվականի օգոստոսի 13-ին Lragir.am կայքում զետեղված «Գողանում են Սևանի ջուրը» հոդվածում և տեսանյութում տրված տեղեկատվությունը և փաստերը ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ մեկնաբանությունները` միակողմանի, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը: Ընդ որում` տեսանյութում ներկայացված հսկայական ջրաքանակը ներկայացված է սեփական դատողության և տրամաբանության շրջանակներում` առանց խորամուխ լինելու և հաշվի առնելու Արփա-Սևան թունելի վթարավտանգ հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ծրագրի գործողության, ոռոգման նպատակով տվյալ ջրաքանակի օգտագործման, ինչպես նաև Եղեգիս գետում անհրաժեշտ սանիտարական թողքերի պահպանման փաստերով: Նշված փաստերը ներկայացնենք առավել մանրամասնեցված և փաստարկված:
Արփա-Սևան թունելի առավել վթարավտանգ հատվածներում (թիվ 2 թունել) ս.թ. օգոստոսին նախատեսվում էր վերականգնողական աշխատանքների վերսկսում: Արդյունքում թունելը փակվել է, Սևանա լիճ ջուր չի տեղափոխվում, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվում են` համաձայն նախատեսված գրաֆիկի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված 120.0 մլն մ3 ջրաքանակից Արփա-Սևան թունելով Սևանա լիճ արդեն իսկ տեղափոխվել է 118.0 մլն մ3:
Հաջորդ փաստը, որը հաշվի չի առնված ներկայացված տեսանյութում և միակողմանի տրված դատողություններում` ոռոգման նպատակով ջրի օգտագործումն է, ինչը ՀՀ ջրային օրենսգրքով և «Ջրի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ջրօգտագործման առաջնահերթ գերակայություններից է: Տեսանյութում պատկերված ջուրը «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության կողմից ոռոգման գլխամասերով օգտագործվում է բացառապես ոռոգման կարիքների բավարարման նպատակով, որի պահանջարկը կազմում է շուրջ 2.8 մ3/վրկ: Մնացած ջուրը (շուրջ 0.5 մ3/վրկ) թողնվում է որպես սանիտարական թողք` բնապահպանական խնդիրների լուծման նպատակով: Քանի որ Եղեգիս գետում ոռոգման ջրապահանջը բավարարելու և սանիտարական թողքն ապահովելու համար համապատասխան ջրաքանակ առկա չէ (ներկայիս դրությամբ առկա է շուրջ 0,9 մ3/վրկ), ուստի տարբերությունը (շուրջ 2.4 մ3/վրկ) որպես ջրալրում տրվում է Արփա գետով և Կեչուտի ջրամբարից` Արփա-Սևան թիվ 1 թունելի միջոցով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն հորդորում է` ոլորտին վերաբերյալ անաչառ և հիմնավոր տեղեկատվություն ներկայացնելու նպատակով այն քննարկել ու վերլուծել համակարգի պատասխանատուների և մասնագետների հետ, իսկ տրվող տեղեկատվության մեջ զերծ մնալ միակողմանի և ոչ փաստարկված որակումներից: