Եվրամիության «Ջրային նախաձեռնություն+» քառամյա ծրագիրը` 2017-2020 թթ. համար
09.04.2017Եվրամիությունը 2017-2020 թթ. նախաձեռնում է իրականացնել «ԵՄ Ջրային նախաձեռնություն+» (ԵՄ ՋՆ+) ծրագիրը` Արևելյան գործընկերության վեց երկրների համար, այդ թվում` Հայաստանի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելոռուսիա): Ծրագիրն ունի երեք բաղադրիչ, որից մեկը վերաբերում է Ազգային Քաղաքականության Երկխոսությանը (ԱՔԵ):
Հայաստանում ԱՔԵ գործընթացը մեկնարկվել է 2006թ-ին՝ որպես ջրային քաղաքականության բարեփոխումների քննարկման հարթակ: 2006թ-ին ստորագրված ԵՄ ՋՆ Փոխըմբռնման հուշագրի համաձայն` ԱՔԵ ղեկավար հանձնախումբը 2006-2008թթ. նախագահել է Ջրային տնտեսություն պետական կոմիտեն (ՋՏՊԿ), 2008-2014թթ. ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Ս.թ. ապրիլի 7–ին կայացել է ԱՔԵ հանձնախմբի հերթական հանդիպումը, որտեղ քննարկվել են առաջիկա 4 տարիների ջրային բնագավառի ազգային գերակայությունները:
Քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ՝ պարոն Գրեգորի Ցուրիսը, ՏԶՀԿ-ի ներկայացուցիչ՝ տիկին Տատյան Եֆիմովան և ՄԱԿ-ի ԵՏՀ ներկայացուցիչներ՝ Փեփ Մարդիստը և Շանտալ Դեմիլեկամպսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում քննարկվել են Հայաստանում ջրային ոլորտի վերջին զարգացումները՝ ջրային ռեսուրսներ կառավարման և ջրային համակարգերի օգտագործման և պահպանման մասով, Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրի հետ համագործակցությունը, ինչպես նաև «Ջուր և Առողջություն» արձանագրության շրջանակներում Հայաստանում ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության (ՋՋՀՀ) ինքնագնահատման քարտի արդյունքների հիման վրա ՋՋՀՀ գործողությունների պլանի նախնական արդյունքները (2018-2020թթ):
Քննարկման ժամանակ սահմանվեցին նաև 2017-2020թթ. ջրային բնագավառի ազգային առաջնահերթությունները, ինչը ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ-ի համար հետևյալն են.
• «Ոռոգման ջրի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում,
• Հանրապետությունում հիդրոպոմպերի ներդրման պոտենցիալի գնահատում,
• «Մշակաբույս-հողատեսք» համադրության գնահատում (գերնորմատիվային ջրապահանջների և հողային էրոզիայի կրճատում),
• Ոռոգման բնագավառին պետական աջակցության նպատակահարմարության գնահատում («Վնասակար սուբսիդիա»),
• Ոռոգման միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքերի համար ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում (շուրջ 200 հատ, Սևան-Հրազդանի համար շուրջ 500 հատ),
• Դրենաժային ջրերի որակի լաբորատորիային տեխնիկական աջակցություն,
• Սևան-Հրազդանյան ոռոգման համակարգում ջրի կառավարման ծրագրի մշակմանն աջակցություն,
• Հեղեղների և կեղտաջրերի դիրեկտիվներ,
• «Ջուր և առողջություն» արձանագրության դրույթների իրականացում՝ հասանելի ջրամատակարարման և ջրահեռացման մասով: