«Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության աուդիտորի ընտրության հարցում կարևոր է թափանցիկությունը և շահերի բախման բացառումը
17.03.2017««Վեոլիա» ընկերությունը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ հավակնոտ նպատակներ ունի՝ առաջիկա 15 տարիներին Հայաստանում ապահովել պատշաճ մակարդակի ջրամատակարարում: Մինչ այս մեր ունեցած համագործակցության փորձը գոհացնող և հուսադրող է եղել՝ ֆրանսիական կողմի համար»,- այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:
Ըստ նրա՝ ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներում ծագած խնդիրները հաղթահարելու ընթացքում կողմերի ցուցաբերած ճկունությունը և ՋՏՊԿ ցուցաբերած օպերատիվությունն ու պատասխանատվությունը հույս են ներշնչում, որ համագործակցության հաջորդ փուլերում ևս անլուծելի խնդիրներ չեն առաջանա:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին և նշել, որ համագործակցության հիմքում պետք է դրված լինի հանրային շահի գաղափարը.
«Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մեր բնակչությունը կզգա ջրամատակարարման և սպասարկման որակի զգալի առաջընթաց, 24-ժամյա ջրամատակարարման տարածքը կմեծանա: Կարծում եմ, որ ընթացիկ խնդիրների լուծման և բնակիչների բողոքներին ու առաջարկներին հնարավորինս արագ և սպառիչ լուծումներ տալու համար հարկ կա աշխատանքային համատեղ խումբ ձևավորել՝ խուսափելու համար ժամանակի անհարկի կորստից»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հանդիպման ընթցքում կողմերը քննարկել են նաև ՀՀ խմելու ջրի համակարգի միասնական վարձակալ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության տեխնիկական աուդիտորի ընտրության հարցը.
«Մեզ համար շատ կարևոր է անկախ աուդիտորի ընտրության հարցը, քանի որ նրանց ներկայացրած արդյունքների հիման վրա էլ կատարվելու են մեր գործունեության հնարավոր փոփոխությունները և շտկումները»,- նշել է Մալիկա Գենդուրին:
ՋՏՊԿ նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ աուդիտորի ընտրության մրցութային ընթացակարգը եզրափակիչ փուլ է մտել, կարճ ցուցակում հայտնված ընկերությունների ցանկը քննարկվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հետ՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու և առավելագույն թափանցիկություն ապահովելու համար:
« վերադառնալ ցանկ