Արբանյակների գործարկումը ջրային ոլորտում բեկումնային քայլ է. Արսեն Հարությունյան
02.12.2016«Եվրոպական տիեզերական գործակալությունը տարիներ առաջ նախաձեռնեց մի հավակնոտ գաղափար՝ ստեղծել այնպիսի գործիք, որով հնարավոր կլինի աջակցել տնտեսությանը և մասնավորապես գյուղատնտեսության ոլորտին: Եվ քանի որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործառույթները մեծապես խաչվում են նաև գյուղատնտեսության ոլորտի հետ, կարծում ենք, որ Կոմիտեի հետ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ կլինի»: Այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Անյա Ռադեսկայան:
Ըստ ԵՏԳ ներկայացուցչի, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կկատարվի ոլորտի կարիքների գրանցում, ինչպես նաև՝ կհավաքագրվեն անհրաժեշտ տեղեկությունները՝ համակարգի նախնական ծրագրավորման համար, ինչից հետո հնարավոր կլինի հստակ նշել ջրային հոսքերի հաշվառում կատարող և տարածաշրջանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն իրականացնող տիեզերական արբանյակի գործարկման ժամկետները:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ տիեզերական արբանյակի գործարկումը ջրային ոլորտի խնդիրների դուրսբերման և լուծման գործում կարելի է բեկումնային անվանել:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական տիեզերական գործակալությանը և Համաշխարհային բանկին նման մեծ նվերի համար: Վստահ եմ, որ այս արբանյակի գործարկումը դրական ազդեցություն կունենա մեր հիմնական ռեսուրսի՝ ջրի հոսքերը վերահսկելու և դրա ծախսն առավել արդյունավետ և չափելի դարձնելու գործում»,- ասաց Ա. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ արբանյակների գործարկման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրեր առաջ, Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: ՀԲ գյուղատնտեսության ավագ մասնագետ, ծրագրի իրականացման թիմի համաղեկավար Արուսյակ Ալավերդյանը տեղեկացրել էր, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը արբանյակների միջոցով կեսդարյա ժամանակային կտրվածքով, ինչպես նաև՝ ընթացիկ ժամանակում ջրային հոսքերին հետևելու լավ փորձ ունի: Այս ծառայությունից օգտվում են աշխարհի շատ երկրներ: Այս տարի, ՀԲ հայաստանյան ծրագրերի իրականացման թիմի ջանքերով, Հայաստանը ևս ընդգրկվել է այն երկրների շարքում, որոնք կարող են օգտվել Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակներից՝ անվճար հիմունքներով: