Մեկնարկում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները
22.06.2016Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:
Թեև առաջարկվող նախնական տարբերակը համապատասխան պատկան կառույցների կողմից համարվում էր լավագույնը, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում` հաշվի առնելով համայնքի մի խումբ բնակիչների մտահոգությունները, առաջացել է փոխզիջումային տարբերակի ընտրության անհրաժեշտություն:
Փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին:
Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները` Ազատ գետից ջրառ իրականացնող առկա գլխամասային հանգույցը, ինչպես նաև՝ պահպանվող տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլ. սնուցման գծերը և ենթակայնները:
Քննարկվել են նաև Գողթ համայնքի բնակիչների կողմից ձևակերպված առաջարկությունները, որոնք առնչվել են կառուցվող Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգին: Բնակչության մտավախությունների փարատման նպատակով, որպես ջրապահովվածության երաշխիք ընդունվել է համայնքի առաջարկությունը, և վթարային վիճակում գտնվող Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման աշխատանքներում ներառվել են Գիլանլար վտակից դոտացիոն ջրանցքի կառուցման լրացուցիչ աշխատանքները:
Այսպիսով, հնարավորություն կստեղծվի հեղեղների շրջանում՝ 15-20 օրվա ընթացքում, հեղեղային հոսքերի մի մասն ուղղել դեպի Գեղարդալճի ջրամբար` անգամ ջրասակավ տարիներին երաշխավորելով լիարժեք ջրապահովում ոռոգման ողջ շրջանի ընթացքում:
Հաշվի առնելով բնակիչների առաջարկը` որպես համայնքի տարածքների ոռոգման համար նախատեսված 2.4 մլն. մ³ ջրի տարեկան ծավալների հատկացման տեխնիկական երաշխիք` փոփոխվել է Գեղարդալճի ջարմբարից ջրառի հանգույցը: Անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ջրի բաշխման առցանց մոնիտորինգ, որը հասանելի կլինի հանրությանը:
« վերադառնալ ցանկ