Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացմանը
31.05.2016ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՄ հարևանության քաղաքականության մասնակից երկրների վարկավորման գործողությունների բաժնի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորությամբ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են «Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագիրը», որը ֆինանսավորվելու է 3 աղբյուրներից՝ ԵՆԲ-ից 30 մլն եվրո, ՎԶԵԲ-ից 30 մլն և Եվրոպական Հարևանության Ծրագրից՝ 20 մլն եվրո դրամաշնորհ շրջանակներում:
Հայնց Օրբելսը նշել է, որ ԵՆԲ-ի վարկային քաղաքականության առաջնայնություններից են ջրային որոլտի և գյուղական համայնքների զարգացումը, որի շրջանակներում Բանկը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նաև տեխնիկական զարգացման և արդիականացման առումով:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրները և ձեռքբերումները: Ըստ Հարությունյանի՝ ոլորտի առաջնահերթություններից է ոռոգման ինքնահոս համակարգի զարգացումը, քանի որ մեխանիկական միջոցով ոռոգման իրականացումը գրեթե կրկնակի ավելացնում է գործընթացի արժեքը, իսկ ինքնահոս համակարգի անցումը թույլ կտա նվազեցնել ծախսերը, ինչը կբերի գյուղական տնտեսությունների զարգացմանը և գյուղմթերքի արժեքի նվազմանը: Խոսելով ոլորտի ձեռքբերումների մասին՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է ՀԲ-ի աջակցությամբ իրականացված ծրագիրը, որի արդյունքում Մեղրիում գործող 16 պոմպակայաններից 13-ն այլևս չեն շահագործում, գրեթե ամբողջությամբ ներդրվել է ոռոգման ինքնահոս համակարգ:
Ողջունելով ջրային տնտեսության ոլորտում նկատվող առաջընթացը և իրականացվող աշխատանքները, ԵՆԲ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Բանկը պատրաստ է դիտարկել և աջակցություն ցուցաբերել ոլորտում իրականացվող հետագա ծրագրերին:
«Մեր ներկայությունն այստեղ առաջին քայլն է՝ ապացուցելու մեր հետաքրքրվածությունը՝ տարածաշրջանում գյուղական տնտեսությունների զարգացման աջակցության հարցում: Այսպիսով՝ մենք պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել գյուղտնտեսության զարգացման և արտադրության ամբողջական շղթային՝ այդ թվում նաև մասնագետների վերապատրաստման և տեխնիկական աջակցության հարցում»,- ասել է ԵՆԲ ներկայացուցիչ Հ. Օլբերսը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ոռոգման համակարգի արդիականացմանն ուղղված ծրագիրը, որի իրականացման համար ակնկալվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի վարկային աջակցությունը՝ շուրջ 50 մլն դոլարի չափով: Բանկի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ծրագրի շրջանակներում ընթացող բանակցությունների կառուցողական բնույթի վերաբերյալ և նշել, որ պատրաստ են վարկային այս ծրագրի շրջանակներում քննարկել նաև խմելու ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:
« վերադառնալ ցանկ