Աշխատանքային հանդիպում/կոնֆերանս Պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում
14.04.2016Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) շրջանակներում Անցումային խորհրդատուի (Fichtner) տեխնիկական առաջադրանքում նախատեսված է նաև «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գնման ընթացակարգի» մրցույթի մասնակիցների համար նախամրցութային աշխատանքային հանդիպում/կոնֆերանս կազմակերպելու գործողությունը, որի նպատակն է մրցույթի վերաբերյալ նախաորակավորման փուլը հաղթահարած 4 մասնակիցներին, մրցույթի մեջ ներգրավված կողմերին և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Անցումային խորհրդատուի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին կայացած հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ կառավարության 2015 թ․ փետրվարի 19-ի 140-Ա արձանագրային որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի, ՊՄԳ անցումային խորհրդատուի և հայտատուների ներկայացուցիչները։
Հանդիպմանը դիտորդի կարգավիճակով հրավիրված էին նաև միջազգային կազմակերպությունների և գործարքին հարակից հարցերով ներգրավված խորհրդատուների ներկայացուցիչներ։
Հանդիպման օրակարգի առանցքային հարցը ՊՄԳ գործարքի ներկայացումն էր, դրա նպատակների և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:
Կոնֆերանսի երկրորդ կեսը նվիրված էր մասնակիցների կողմից բարձրացված հարցերի պարզաբանմանը:
Պարզաբանումներով հանդես եկան ինչպես Անցումային խորհրդատուի, այնպես և ՋՏՊԿ-ի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Համաձայն մրցութային ընթացակարգի՝ մասնակիցները այս հանդիպումից դուրս հնարավորություն ունեն մրցութային հանձնաժողովին հղելու գրավոր հարցեր և ակնկալելու դրանց պատասխանները, ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով այցելելու տարածքներ, օգտվելու ՋՏՊԿ-ում բացված տեղեկությունների սենյակի ծառայություններից:
ՀՀ կառավարությունը այս գործընթացի պարագայում մեծապես կարևորում է թափանցիկությունը, մրցակցային հավասար պայմանների ապահովումը բոլոր մասնակիցների համար:
« վերադառնալ ցանկ