Քաղաքականության զարգացման գործառնությունների (ՔԶԳ/DPO-4) քննարկում Համաշխարհային Բանկի հետ
12.04.2016Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ապրիլի13-ին ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ քննարկելու Քաղաքականության Զարգացման Գործառնություններ (ՔԶԳ/DPO-4) հետ կապված խնդիրները: Պատվիրակության կազմում էին ՀԲ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Ա. Ալավերդյանը և Գ. Գուլումյանը:
Այս փուլում ՀԲ-ը կարևորում է ՋՏՊԿ-ի հետ հատկապես ոռոգման ջրամատակարարման հետ կապված խնդիրները՝ հետապնդելով ոռոգման ոլորտում աստիճանական անցում ոռոգման ջրի ինքնածախսածածկման քաղաքականության:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը բանկի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց ինքնահոս և մեխանիկական ջրի սակագների տարբերության վրա՝ ընդգծելով, որ այն ուղղակի ազդեցություն ունի թե՛ ՋՕԸ-երին տրվող սոբսիդիաների և թե՛ ջրասպառողների վրա:
Կոմիտեի նախագահը նշեց, որ կտրուկ անցումը ոռոգման ոլորտում ոռոգման ջրի ինքնածախսածածկման քաղաքականության կարող է հանգեցնել լուրջ սոցիալական խնդիրների: Պետք է ունենալ ճանապարհային քարտեզ, կազմել գործողությունների ծրագիր, որը կարտացոլի ըստ տարածքների և ըստ ոռոգման ցանցերի աստիճանական անցում ինքնահոս ոռոգման համակարգի՝ դրանով իսկ կանխատեսելով ջրի սակագնի փոփոխությունները: Որպես լավագույն օրինակ բերվեց Մեղրու ինքնահոս համակարգի կառուցումը, որի շնորհիվ 16 պոմպակայաններից 12-ը հանվել են շահագործումից՝ սուբսիդիայի չափը նվազեցնելով 90-100 մլն դրամով:
Հասունացել է նաև ՋՕԸ-երից Ջրօգտագործողների ասոցացիաների անցնելու խնդիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարման մեխանիզմներ կիրառել և մեծացնել հատկապես հիմնական շահառուների ընդգրկվածությունն այդ գործընթացներում:
Կողմերը պայմանավորվեցին, որ մինչև մայիսի 15-ը կպատրաստվի գործողությունների ծրագիր՝ դրանում ներառելով նաև ներդրումների արդյունքում կատարվող փոփոխությունները, որը նաև կդառանա ՔԶԳ/DPO-4-ի պետական պարտավորությունների ձևավորման հիմք:
« վերադառնալ ցանկ