Մրցույթի մասնակիցներն ակտիվացրել են իրենց գործողությունները
11.04.2016Պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացվող «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու» մրցույթի հայտատու ընկերություններն ակտիվացրել են իրենց գործողությունները՝ կապված մրցույթի հայտերը նախապատրաստելու նպատակով անհրաժեշտ նյութերի հայթայթման, ուսումնասիրություններ ու վերլուծություններ կատարելու և գույքի վիճակին ծանոթանալու հետ: Մրցութային հանձնաժողովը, համաձայն մրցութային փաստաթղթերի հայտահրավերի պայմանների, կոմիտեում արդեն իսկ բացել է տվյալների սենյակ, որտեղ տեղադրված են մրցույթին վերաբերող ողջ փաստաթղթերը: Կարճ ցուցակում ընդգրկված ընկերություններն օգտվում են տվյալների սենյակի նյութերից:
Մրցութային ընթացակարգով հնարավորություն է ընձեռվում մասնակիցներին նաև այցելելու ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքներ՝ տեղում ծանոթանալու ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքներին:
Այս և հարակից այլ խնդիրների էր նվիրված ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի և «Վեոլիա» ընկերության ծրագրերի պատասխանատու Ֆրանսուա Լաֆորեի աշխատանքային հանդիպումը՝ կայացած ս/թ ապրիլի 12-ին, ՋՏՊԿ-ում:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կարևորեց այցելությունների ընթացքում ընկերություններում անվտանգության հետ կապված նորմերի պահպանումը և ընկերությունների առօրյա գործունեությանը չխոչընդոտելը:
Կոմիտեի նախագահը միաժամանակ տեղեկացրեց, որ դարձյալ համաձայն մրցութային ընթացակարգի՝ ապրիլի 15-ին նախատեսված է հայտատուների և շահագրգիռ կողմերի համար կազմակերպել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում Կոմիտեն, Անցումային խորհրդատուն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտան պարզաբանումներ, կպատասխանեն մասնակիցների հարցումներին:
« վերադառնալ ցանկ