Աշխատանքային հանդիպում Կոմիտեում
12.02.2016
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրին:
Հանդիպման հիմնական նպատակն էր «Պետական-մասնավոր գործընկերություն» շրջանակներում առաջիկայում կայանալիք խմելու ջրի մրցույթին վերաբերող խնդիրների քննարկումը: Մալիկա Գենդուրին նախագահին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության շահագրգռվածությունը մրցույթին մասնակցելու վերաբերյալ: Նա Կոմիտեի նախագահին տեղեկացրել է, որ արդեն իսկ, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ևս 7 ամսով Երևանի քաղաքապետի հետ երկարացվել է Երևանի ջրային համակարգի վարձակալության պայմանագիրը:
Կոմիտեի նախագահը նրա ուշադրությունն է հրավիրել ձեռք բերված ցուցանիշները պահպանելու ուղղությամբ տարվելիք աշխատանքերին: Կողմերն անդրադարձել են «Երևան ջուր» ընկերությանը վարձակալության իրավունքով հանձնված գույքի հաշվառման վերագնահատման և գրանցման հարցում միջազգային խորհրդատուին աջակցելու հարցերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման, ջրաչափության, չհաշվառվող ջրի կրճատման շուրջ: Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը ՀՀ-ում գործում է շուրջ 10 տարի և իրականացնում է Երևանի և հարակից 30 համայնքի ջրամատակարարում և ջրահեռացում:
« վերադառնալ ցանկ