Կայացել է գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպումը
03.02.2016Փետրվարի 3-ին՝ խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի և մրցույթին ընդառաջ տեղի է ունեցել գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայությանն առնչվող աշխատանքային հանդիպում:
Կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին Ասիական Զարգացման Բանկի կողմից իրականացված «Ջրային տնտեսության ոլորտի (ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով) ակտիվների ռեգիստրի ներդրման հայեցակարգ» ուսումնասիրության շրջանակում կատարված առաջարկների ու գույքի հաշվառման նպատակով հրավիրված աշխատանքային հանդիպմանը հանձնարարել էր Կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին ճշտել Հայաստան ժամանող գույքի գրանցման միջազգային խորհրդատուի և «Պետական-մասնավոր գործընկերություն» մրցույթի համար պատասխանատու «Ֆիխտներ» կազմակերպության հետ հատկապես առաջին փուլի աշխատանքներին ներկայացվող պահանջներն ու հնարավորինս արագ ջրամատակարար ընկերություններից հավաքագրել գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, կազմել առկա գույքի ժամանակավոր կադաստր՝ ապահովելու համար ՊՄԳ մրցութային պահանջները և ստեղծելու բավարար հիմքեր հետագա արդյունավետ զարգացումների համար:
Այս հանդիպման սկզբում, ներկայացնելով Կոմիտեի նախագահի հանձնարարականով ուսումնասիրված գույքի վերագնահատման և գրանցման գործընթացի շուրջ առկա վիճակը՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանը նշել է, որ խմելու և ոռոգման ջրի ոլորտների գույքային գործընթացների արդյունքում ակնկալվում է ունենալ պետական և համայնքային գույքի ընդհանրական պատկեր, գնահատված ու պատշաճ շահագործվող ենթակառուցվածքներ, որի վրա էլ կառուցվելու է հետագա պետական ներդրումների ու ջրի համապարփակ կառավարման գործընթացների պետական քաղաքականությունը:
Տեղեկացնենք, որ քննարկումից առաջ աշխատանքային հանդիպում է կազմակերպվել գույքի խորհրդատուի և անցումային խորհրդատուի միջև, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունները նշանակել են ծրագրում իրենց պատասխանատուներին, խորհրդատուին հաջողվել է որոշակի նախնական աշխատանք կատարել:
Հանդիպմանը մասնակից Կոմիտեի ներկայացուցիչների կողմից կարևորվել է անցումային խորհրդատուի՝ Ֆիխտների և գույքի խորհրդատուի ներդաշնակ աշխատանքը, որով ապահովվելու է «Պետական-մասնավոր գործընկերություն» մրցույթի մրցութային փաստաթղթերի պատրաստումը:
Քննարկմանը տեխնիկական աջակցության առաջադրանքն իրականացնող խորհրդատու AACR ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի իրականացման վերաբերյալ մանրամասներ: Մանավորապես նշվել է, որ իրականացվելիք ծրագրի առաջին բաղադրիչով ցուցակագրվելու և հաշվապահական միջազգային չափորոշիչների համաձայն վերագնահատվելու են «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերությունների հիմնական միջոցները: Պատրաստվելու և ամփոփվելու է նախնական հաշվետվության նախագիծը: Նախատեսվում է նաև կառույցների գեոդեզիական հետազոտություն, տվյալների մշակում և փաստաթղթավորում: Հիմնական գործողությունները նախատեսվում է իրականացնել փետրվար-մարտ ամիսներին:
Քննարկմանը մասնակցել են ԵՆԲ, AARC, FICHTNER միջազգային գործընկերների և ջրամատակարար ընկերությունների ներկայացուցիչներ: