ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՐՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

14.01.2016 ՋՐՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

 

- Պարոն Հարությունյան, ներկայացրեք, խնդրեմ, Եղվարդի ջրամբարի ծրագիրը և դրա շրջանակներում իրականացվող գործընթացը: 

 

- Եղվարդի ջրամաբարի հետ կապված` մեր առջև մի քանի խնդիր է դրված, միաժամանակ ռազմավարական մի քանի հարց պետք է լուծենք: Առաջինը և հիմնականն այն է, որ ջրամբարի շահագործմամբ պետք է մեղմացվի Սևանա լճի բեռը: Հանրապետության նախագահի հանձնարարականով` լուրջ ծրագրեր են մշակվել և իրականացվում լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ: 

 

Լուծվելիք կարևորագույն խնդիրներից երկրորդը բնապահպանությունն է: Դրա համար ստեղծված հանձնաժողովը բնապահպանական հարցերի լուծման ծրագիր է մշակել: Այդ տեսակետից թերևս կարևոր գործոն կարելի է համարել 90 մլն խմ ջրի պահեստավորման հնարավորությունը: Գարնանային և աշնանային վարարումների ժամանակ, սելավների դեպքում, երբ վարարման ջրերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու անհրաժեշտությունը չկա, Եղվարդի ջրամբարը հնարավորություն կտա «պահեստավորել» շուրջ 90 մլն խմ ջուր՝ ոռոգման ինտենսիվ շրջանում օգտագործելու պայմանով: 

 

Հաջորդը մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու հարցն է: Դրա շնորհիվ տարեկան կտնտեսվի 28 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Եղվարդի ծրագրի շնորհիվ կբարելավվի 4 ՋՕԸ-ների («Եղվարդ», «Աշտարակ», «Վաղարշապատ», «Խոյ») գործունեությունը, որոնք ջուր են մատակարարում 3 մարզերի գյուղացիական տնտեսությունների: 

 

Կարևոր  մյուս խնդիրը վերաբերում է Արարատյան դաշտի խորքային հորերին: Այս բնագավառում նախատեսվում է ընդհանրապես շահագործումից հանել մի քանի տասնյակ պոմպակայաններ, ինչպես նաև կասեցնել շուրջ 100 խորքային հորերի գործունեությունը: 

 

Ի վերջո` ջրային քաղաքականությունը մակերևութային ջրերի համաչափ կառավարումն է, որը ծրագրում ենք իրականացնել առաջիկա 5 տարում Եղվարդի, Կապսի և Վեդու ջրամբարների շահագործմամբ: Եղվարդի ջրամբարի պարագայում տեխնիկատնտեսական հիմնավորումից հետո շուրջ 1.5 տարի կտևի նախագծման և փորձաքննական փուլերը, ապա կսկսվի կառուցումը, որ կտևի առավելագույնը 5 տարի: Այս տարվա առաջին կիսամյակին արդեն կսկսվեն Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները: 

 

- Ներկայացվածը ոգևորող է: Իսկ կա՞ն հաշվարկներ, թե նախատեսվող միջոցառումների իրականացումից հետո հանրապետությունում տարեկան քանի մլն խմ ջուր կխնայվի կամ լրացուցիչ ջուր կկուտակվի, և, Աստված մի արասցե, եթե երբևէ կրկնվի 2014թ. երաշտային, չոր եղանակը, մեր ոռոգման համակարգն ի վիճակի կլինի՞, հնարավորություն կունենա՞ գյուղատնտեսությանը նորմալ ջրամատակարարում ապահովել, թե դարձյալ ստիպված կլինենք Սևանից լրացուցիչ ջուր վերցնել: 

 

- Նախ` 2015-ը բավական հաջող տարի էր ջրամատակարարման առումով: Սևանա լճից լրացուցիչ ջուր չենք վերցրել: Ըստ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման և պահպանման ծրագրի` իրավունք ունենք տարեկան ոռոգման նպատակներով 170 մլն խմ ջրառ իրականացնել: 

 

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ընդհանուր առմամբ` նոր կառուցվող ջրամբարներից երկուսը (Եղվարդի և Վեդու ջրամբարները` համապատասխանաբար 90 և 29 մլն խմ ծավալներով) ուղղակիորեն առնչվում են Սևանա լճին: Այս ջրամբարներում ավելի քան 100 մլն խմ լրացուցիչ ջուր ենք ունենալու, որը բավական լուրջ քանակություն է: Բացի այդ, 2015թ. Սևանա լճին «աջակցելու» առումով բավական լուրջ դերակատարություն ունեցավ շուրջ 24 մլն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը: Այս թվերը ջրային լուրջ ծավալներ են ներկայացնում: Իսկ ընդհանրապես` ջրի օգտագործման առումով կառավարությունը մեր առջև երկու խնդիր է դրել. Սևանից լրացուցիչ ջրառ չիրականացնելով` տեղավորվել օրենքով սահմանված թույլատրելի ծավալներում՝ առավել արդյունավետ օգտագործելու ջրամբարներում կուտակված ջուրը: 

 

- Այսինքն` առավելագույնը մի քանի տարի, ու մենք Սևանին չենք «անհանգստացնի»: 

 

- Մենք 2015-ին էլ Սևանին «լրացուցիչ խնդրանքով» չենք դիմել: Եթե տարին լավ լինի, ինչու՞ պետք է դիմենք: Մանավանդ որ` արդեն Մարմարիկի ջրամբարը գործում է: Իրավիճակն ավելի հստակ ներկայացնելու համար ասեմ, որ պետք է ելնենք ջրամբարների տեղաբաշխվածությունից: Համաչափությունը շատ կարևոր է: Սևանի հոգսը թեթևացնում են հիմնականում Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարները: Դրանցում ջրի կուտակումը սկսվում է ոռոգման սեզոնի ավարտից անմիջապես հետո: 2015-ի տարեվերջին արդեն ջրամբարներում ավելի քան 200 մլն խմ ջուր կար կուտակված: Հիմա` առավել ևս: Իսկ մեծ երաշտի պարագայում ես չեմ կարող որևէ կանխատեսում անել: 

 

- Գյուղատնտեսական սեզոնի ընթացքում որքա՞ն ջուր է օգտագործվում ոռոգման նպատակով: 

 

- Ջրտուքը դաշտում կազմում է շուրջ 460 մլն խմ:

 

- Այդ թվի մեջ մտնում են նաև կորուստնե՞րը:

 

- Ոչ:

- Ջրոլորտի մասնագետների ներկայացմամբ` Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Բյուրակն-Բինգյոլի հատվածից ստորգետնյա ջրային հոսքերով տարեկան Հայաստան է մտնում մի քանի մլրդ խմ ջուր: Թուրքիան այդ հատվածներում ակտիվ ջրամբարաշինություն է իրականացնում, որպեսզի փակվի այդ ջրի մուտքը Հայաստան: Նախատեսված է առաջիկայում, շատ կարճ ժամանակամիջոցում, 2 մլրդ խմ ջուր «սանձել»: Արդեն այնտեղ 1.4 մլրդ խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարներ են կառուցել: Հայաստանի կողմից իրականացվող, Ձեր ներկայացրած միջոցառումները բավարա՞ր են թուրքերից եկող վտանգները չեզոքացնելու համար: 

- Ստորգետնյա հոսքերը ջրամբարների հետ կապ չունեն, երևի նկատի ունեք Թուրքիայի տարածքի խորքային հորերը, որոնք էական ազդեցություն չեն ունենա: 

 

- Ինձ հետաքրքրում է` այն, ինչ արվում է, բավարա՞ր է, որ ջրային ռեսուրսների պահպանման առումով Թուրքիայի ձեռնարկած միջոցառումների ազդեցությունից զերծ մնանք: Եթե ոչ, ի՞նչ պետք է արվի դրա համար: 

 

- Վեդու ջրամբարը սկսում ենք կառուցել: Հաջորդը Կապսիի ջրամբարն է: Կհաջորդի Եղվարդինը, հետո Սելավ Մաստարան: Հայաստանում ջրամբարաշինությունը, մակերևութային ջրերի կառավարումը բերում ենք առաջին պլան: 

 

- Կառավարության մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ տարեկան շուրջ 1.5 մլրդ խմ ջուր է օգտագործվում ձկնաբուծության մեջ, որից հետո այդ ջրերը, գյուղատնտեսական նպատակներով չօգտագործվելով, լցվում են գետերն ու դուրս գալիս Հայաստանից: Բուսաբուծության ստեղծած համախառն եկամուտը (2014թ. ավելի քան 600 մլրդ դրամ) և օգտագործած ջուրը համեմատելով ձկնաբուծության մեջ օգտագործված ջրին ու ստեղծած արժեքին (28 մլրդ)` ուղղակի վախենում ես: Մի կողմից տրիլիոնի մոտեցող համախառն արդյունք և օգտագործված ընդամենը 400 մլն խմ ջուր, մյուս կողմից` 28 մլրդ դրամի արդյունք և շուրջ 1.5 մլրդ խմ ջուր` այն էլ ստորգետնյա, որ մեր ոսկե ֆոնդն է ու տասնամյակների, գուցեև դարերի ընթացքում է միայն վերականգնվելու: Կառավարությունը որոշակի հստակ քայլեր անու՞մ է, որպեսզի տարեկան 1.5 մլրդ խմ ջուր անտեղի չկորչի: 

 

- Հարցի պատասխանը իմ իրավասության շրջանակներում չէ, բայց ես վերջերս եմ ծանոթացել նման մի ուսումնասիրության, որի համաձայն` այդ կորուստները էապես, շեշտակի կրճատվել են: Ավելացնեմ նաև, որ հեռացվող ջրերի դրենաժային համակարգեր կան, և անհրաժեշտության դեպքում շահագործվում են երկու խոշոր պոմպակայաններ՝ ոռոգման նպատակով: 

 

- Ընդամենը 1.5-2 տարի առաջ միջազգային մասնագետների մասնակցությամբ կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Արարատյան դաշտի տարբեր հատվածներում գրունտային ջրերի մակարդակն իջել էր 7-17 մետր: Նույնիսկ Սևջրի հետ կապված խնդիր էր առաջացել` ատոմակայանի հովացման առումով: Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են հրպարակավ: Ավելին` գրունտային ջրերի խնայողության նկատառումներով ամերիկացիները պարբերաբար առաջարկում են գերժամանակակից ջրաչափեր տրամադրել մեզ: 

 

- Հիմա նման խնդիր չկա: Համենայնդեպս` 2015-ին նման խնդիր չի եղել: Ոռոգման ջրի հետ կապված` ընկերությունների ներկայացրած բոլոր հայտերը բավարարվել են: Ատոմակայանին էլ թույլ էր տրվել երկու խորքային հոր հորատել` որպես լրացուցիչ անվտանգության երաշխիք: Որևիցե խնդիր չի կարող առաջանալ: 

 

- Ասացիք, որ 100 խորքային հոր փակվելու է: Կա՞ հաշվարկ, թե դրա արդյունքում ինչ քանակի ջուր կխնայվի: 

 

- Խորքային հորերը լինում են ինքնաշատրվանող և պոմպային տարբերակով: Պոմպերի միջոցով ջուր տվող հորերը մինչև 50 լ/վրկ հզորության են: Կարելի է հաշվարկել: Ջրատվության գործակից պետք է կիրառել, և կստացվի մոտավոր թիվը:

 

- Փաստորեն` եթե ամեն բան լինի նախատեսվածի համաձայն, վայրկյանում 5 տոննա ջուր կխնայվի, օրական` շուրջ 432000 խմ: Ստացվում է, որ մի կողմից հսկայական ներդրումներ կատարելով ջրամբարներ ենք կառուցում, որ ջուր կուտակվի, ջրի պաշարներ ունենանք, մյուս կողմից` հորերի ջուրն է անխնա օգտագործվում, և երրորդ` մի շարք մասնագետների համաձայն, ջրօգտագործողների ընկերություններում հիդրավլիկայի պրոֆեսիոնալ մասնագետների խիստ պակասի պատճառով չեն կարողանում ջրօգտագործումը ճիշտ կազմակերպել, և արդյունքում` ջրի հսկայական կորուստներ են լինում: Այդ տեսանկյունից ջրի խնայողության ուղղությամբ Ջրտնտպետկոմը որոշակի միջացառումներ իրականացնու՞մ է:

 

- Միանշանակ համաձայն չեմ թե´ առաջին և թե´ երկրորդ դիտարկմանը: Այս հարցերն ուսումնասիրել եմ: Լինելով մասնագիտությամբ ինժեներ` մեծ ուշադրություն եմ դարձնում հիդրոլոգիային: Մեր հիմնական կորուստները գալիս են մաշված համակարգերից: Այդ ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում: 2015թ. ՀԲ-ի հետ մի քանի խոշոր ծրագիր ենք իրականացրել: Վեդու և Եղվարդի ջրամբարները նախատեսված են նաև հեռացնող մայր ջրանցքների և ներտնտեսային ցանցերի համար: Հավելած` կաթիլային ոռոգումը: Բացի համակարգերի մաշվածությունից, կա նաև ջրագողության պահը, որ նույնպես ազդում է: Մենք հիմա լուրջ աշխատանք ենք իրականացնում` մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու առումով: Ոռոգման ջրի 1 խմ-ն պետությանն արժենում է 20-25 դրամ, մինչդեռ այն գյուղացուն տրվում է ընդամենը 11 դրամով: 

 

- Ջրից էլեկտրական էներգիա են ստանում` առանց որևէ լուրջ ծախսի, բայց երբ պետք է էներգիան օգտագործվի` ջուր մատակարարելու համար, ասում են` հոսանքը թանկ է, հաշավարկում են, թե ջրի խմ-ն պետությանն արժենում է 25 դրամ: Ջրից էներգիա է ստեղծվում, բայց նույն էներգիան բազմապատիկ թանկ է ջրից: Ինչպես կասեր մեր հայրենակիցը` այնուամենայնիվ, այստեղ ինչ-որ բան սխալ է: 

 

- Ջուրը այլընտրանքային էներգետիկ աղբյուր է ինչպես քամին ու արևը: Այն էներգետիկ հիմնական ռեսուրս չէ: Դրա համար Ձեր ասածն այնքան էլ ճիշտ չէ: Ստացվում է, որ ջուրը մեզ էժան էներգիա է տալիս, իսկ մենք թանկ վաճառում ենք: Այդպես չէ: Հակառակը` մենք ավելի բարձր գնով վերցնում ենք այդ հոսանքը, որ խթանենք այլընտրանքային էներգետիկ աղբյուրի զարգացումը: 

 

- Բայց կա պարզ տրամաբանություն. եթե ջրի շնորհիվ ստացված էներգիան էժան չլիներ, այսքան մեծ թվով փոքր ՀԷԿ-եր չէին կառուցի: Սա համարվում է այսօրվա եկամտաբեր բիզնեսներից մեկը: 

 

- Կառուցում են, որովհետև հոսանքն արժենում է 14 դրամ, իրենք 17 դրամով վաճառում են: Իսկ կառավարությունը խրախուսում է, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրը գործի, զարգանա: Իսկ մեծ հաշվով` ոլորտում հսկակայական զարգացումներ են ընթանում, ներդրումներ են կատարվում, ջրամբարաշինություն է իրականացվում, ու այդ ամենի արդյունքը կերևա մոտ ապագայում:

Նյութի աղբյուր www.armef.am, զրույցը վարեց Աշոտ Խաչատրյանը

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ