Նոր համագործակցության հնարավորություններ Ֆրանսիայի Հանրապետության հետ
15.10.2015Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ֆրանսիական պատվիրակությունը՝ Ֆրանսիայի էկոլոգիայի, վերականգնվող էներգիայի զարգացման նախարարության եվրոպական և միջազգային գործերի միջազգային փոխանակման փոխտնօրեն Հերվե Բոիսգուլումի գլխավորությամբ: Այցելության հիմնական նպատակն է հայտնաբերել և զարգացնել երկկողմանի կարգավորվող ու տեխնիկական համագործակցության ծրագրեր:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, ընդառաջելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության գծով նորանշանակ կցորդ պարոն Դամիեն Ռուգերի առաջարկությանը, հոկտեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում ունեցավ պատվիրակության հետ, որի կազմում էին նաև Ֆրանսիայի էկոլոգիայի, վերականգնվող էներգիայի զարգացման և բնակարանային ու գյուղական համայնքների հավասարության նախարարությունների եվրոպական և միջազգային գործերի բալկանյան և արևելյան երկրների հետ համագործակցության ծրագրերի ղեկավար տիկին Մարի-Հելեն Սիբիլը, Միջազգային ջրային գրասենյակի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մասնագետ Ալան Բերնարդը, Ֆրանսիայի դեսպանատան տնտեսագիտական վարչության կայուն զարգացման խորհրդատու, Հարավային Կովկասի երկրների և Թուրքմենստանի համար պատասխանատու տիկին Սաթեր Մերգեյը, այլ մասնագետներ:
Կողմերը նախ փոխադարձաբար ներկայացրեցին իրենց շահագրգռվածությունն ու մտադրությունները աշխատանքային հանդիպման արդյունքների հետ կապված, ապա ներկայացրեցին ոլորտներն ու փոխհամագործակցության հնարավորությունները:
ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց մինչ այսօր ֆրանսիական կառավարության և Ֆրանսիայի Զարգացման Գործակալության հետ իրականացված և պլանավորված ծրագրերը, խոսեց այն հեռանակարների մասին, որոնք այսօր տեսանելի են որպես զարգացման պոտենցիալ ունեցող ուղղություններ և արտահայտեց հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խորացնելու ու զարգացնելու համագործակցությունը ֆրանսիացի գործընկերների հետ:
Պարոն Հերվե Բոիսգուլումը իր պատվիրակության անունից ողջունեց առկա համագործակցությունը կողմերի միջև և տեղեկացրեց, որ իրենց այցի հիմնական նպատակը համագործակցության նոր ոլորտների ու հնարավորությունների բացահայտումն է: Այդ նպատակով նա խնդրեց հայկական կողմին կատարված քննարկումների և արդեն իսկ ունեցած փորձառության շնորհիվ պատրաստել և ֆրանսիական կողմին ներկայացնել փոխըմբռնման հուշագրի տեքստ, որում կներառվեն բոլոր այն կարիքները, որոնք կկարևորվեն հայկական կողմի համար:
Ջրային տնտեսության պետական կոմիտե
« վերադառնալ ցանկ