Խմելու ջրի ռազմավարության գործողություններն ընթացքի մեջ են
09.08.2015Խմելու ջրի երկրորդ փուլի ռազմավարությունն արդեն իսկ ամրագրվել է կառավարության մի շարք որոշումներով: Ընթացքի մեջ է ռազմավարության հաստատումը, հայտարարված են մի շարք մրցույթներ, որոնցով պետք է կարգավորվեն գույքային, գնումների, ֆինասական քաղաքականության տարաբնույթ հարցեր:
Սույն թվականի օգոստոսի 10-ին ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել էր գերմանական Fichtner Gm & Co KG ընկերության պատվիրակությանը, որն իրականացնում է <<Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու>> ծրագիրը:
Ծրագիրը ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 3-ից՝ ՋՏՊԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, ֆինասավորվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի դրամաշնորհի միջոցով: Այն ամրագրված է նաև ՋՏՊԿ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքված <<Դրամաշնորհային համաձայնագրով>>: Ծրագրի տևողությունը 14 ամիս է: Fichtner Gm & Co KG ընկերության կողմից թիմի ղեկավար է ընտրվել կառավարման միջազգային մեծ փորձառություն ունեցող Վահրամ Ավանեսյանը:
Հանդիպմանը մասնակցում էր ընկերության պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.
- Վահրամ Ավանեսյան – թիմի ղեկավար,
- Ջեֆրի Ջոնսոն - հանրային և մասնավոր գործընկերության փորձագետ,
- Պետրա Բեհրենս - ֆինասական փորձագետ,
- Մեքտիլդ Հորն - սոցիալ- տնտեսական փորձագետ:
- Մելիք Գասպարյան - <<Ավագ Սոլուշենս>> ընկերության տնօրեն:
Պատվիրակության այս այցի նպատակն է նախապատրաստել <<Մեկնարկային հաշվետվության>> նյութերը, ունենալ աշխատանքային հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, ՋՏՊԿ-ի հետ, որպես պատվիրատուի, համաձայնեցնել գործողությունների ժամանակացույցը, հատկապես այս փուլի համար առանցքային փաստաթղթի՝ <<Գնման ռազմավարություն և պլան, մրցութային փաստաթղթեր>> հաշվետվության հետ կապված ժամկետային և բովանդակային հարցերը:
ՋՏՊԿ-ի նախագահի հետ քննարկվեցին հատկապես Fichtner ընկերության տեխնիկական առաջադրանքով նախատեսված հետևյալ գործողությունները.
1. Վերանայել ջրամատակարարման և ջրահեռացման ներկա իրավիճակը և ներկայացնել առաջարկություններ կապված հետագա բարելավման հետ,
2. Կատարել առաջադրանքներ՝ կապված բազիսային տարվա (2014-2015 թթ.) հաշվետվության հետ,
3. Մշակել ջրային համակարգերի թույլտվության նախագիծ,
4. Մշակել պետական և մասնավոր գործընկերության (ՊՄԳ) գնման ռազմավարությունը և պլանը,
5. Մշակել առաջարկների ներկայացման հրավեր (ԱՆՀ),
6. Մշակել հայտի գնման չափորոշիչներ և ծրագրել հայտերի ընդունման գործընթացը,
7. Մշակել վարձակալության համար ՊՄԳ պայմանագրի նախագիծ,
8. Կազմակերպել ՊՄԳ գնումը,
9. Կազմակերպել մրցութային գործընթացների կառավարումը,
10. Կազմակերպել հայտերի գնահատումը,
11. Կազմակերպել ՊՄԳ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները և պատրաստել ծրագիրը,
12. Կազմակերպել ՊՄԳ պայմանագրի ստորագրում, կազմել ավարտական հաշվետվություն և ամփոփել ֆինանսական հարցերը:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կարևորեց հատկապես մեկ օպերատորի ընտրության հետ կապված ժամկետների պահպանման, գույքը վարձակալության հանձնելու, գույքի հետագա կառավարման, պահպանման ու համալրման հետ կապված խնդիրները: Այս պահին խնդրահարույց է հատկապես համայնքային ենթակայության գույքը վարձակալության հանձնելու հարցը:
Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին օպերատիվ, ամենօրյա փոխադարձ կապի ու աշխատանքի շնորհիվ ապահովել անհրաժեշտ զարգացումները և ժամանակին ու որակով նախապատրաստել գնման գործընթացը:
Ջրային տնտեսության պետական կոմիտե